Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Իրանը համաձայնել է մատակարարվող գազի ծավալի ավելացման մասին Հայաստանի առաջարկի հետ

12.07.2016, 19:39
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ։
Իրանը համաձայնել է մատակարարվող գազի ծավալի ավելացման մասին Հայաստանի առաջարկի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է:

«Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որ 2016 թ.-ի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:–0–