Ջրբաշյան. ՀՀ կառավարության ծրագիրը նպատակաուղղված չէ իրական տնտեսական բարեփոխումներին
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի տնօրենների խորհրդի նախագահ (American Chamber of Commerce in Armenia – AmCham) Տիգրան Ջրբաշյանը չի հավատում, որ Հայաստանի կառավարության նոր ծրագիրը նպատակաուղղված է երկրում իրական տնտեսական բարեփոխումներին։
«Այն ավելի շատ ժամանակավոր, մարտավարական փաստաթուղթ է, որն ուղղված է մի քանի կետերով գործողությունների սահմանմանն ու միաժամանակ հիմքեր է ապահովում` ժողովրդի և կառավարության միջև գոյություն ունեցող ճեղքի վերացման համար», – երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ջրբաշյանը։
Նա նշեց, որ նոր ծրագրում չի տեսնում բարեփոխումներին ուղղված լուրջ քայլեր։ Միաժամանակ Ջրբաշյանը նշեց, որ որոշ ուղղություններով, այդուհանդերձ, ծրագրում նախատեսված են կոնկրետ գործողություններ, և դրանց հիմնական նպատակն է առաջիկա 6–7 ամսում վերականգնել հասարակության վստահությունը իշխանության նկատմամբ։
Ջրբաշյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրի վրա որոշ չափով ազդել են որոշակի սահմանափակումներ։ «Առաջին հերթ, դրանք ժամանակավոր սահմանափակումներ են։ Ենթադրվում է, որ նոր ընտրություններից հետո (2017 թ.–ի գարնանը, խմբագրություն) կառավարությունը պետք է ներկայացնի նոր ծրագիր, և բնական է, որ հիմնական շեշտը դրված է այն միջոցառումների վրա, որոնք կարելի է իրականացնել այդ յոթ ամիսների ընթացքում», – ավելացրեց Ջրբաշյանը։
ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 21–ին արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության ծրագրին։–0–