ԿԲ. Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին կկազմի 3,2–3,9%, իսկ 2016 թ.–ին տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը բարձրացրել է տնտեսության աճի կանխատեսումն ու 2015 թ.–ին ակնկալում է ՀՆԱ–ի աճ 3,2–3,9 տոկոսի սահմանում։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ–ի գնաճի հաշվետվության մեջ, որը հիմնված է 2015 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա։
Նախկին հաշվետվության մեջ կարգավորիչը Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում էր 2,8–3,6 տոկոսի սահմանում։
«2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են փոքր-ինչ աճի ուղղությամբ՝ հիմնականում պայմանավորված տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության և ծառայությունների ոլորտում սպասվածի համեմատ ավելի բարձր ավելացված արժեքի աճի արձանագրմամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ ներքին պահանջարկի նվազման պայմաններում 2015 թվականին սպասվող տնտեսական աճին հիմնականում նպաստել է զուտ արտահանումը, ինչը պայմանավորվել է վերջին տարիներին իրականացված կառուցվածքային բարեփոխումներով, գյուղատնտեսության ճյուղի բարենպաստ զարգացումներով և 2014 թվականի վերջին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ:
ԿԲ–ի կանխատեսմամբ` 2015 թ.–ին սպասվում է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատում` համապատասխանաբար 6 և 5 տոկոսով։
ԿԲ–ն ակնկալում է, որ 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, ՌԴ-ից դրամական փոխանցումների մակարդակի վերականգնումը, ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների որոշ չափով աշխուժացումը, ինչպես նաև 2015 թվականին իրականացված դրամավարկային պայմանների թուլացման լագային ազդեցությունը կնպաստեն ներքին և արտաքին պահանջարկի ավելացմանը։
«Չնայած ներքին պահանջարկի սպասվող աստիճանական ավելացմանը՝ 2016 թվականին տնտեսությունում իրականացվող ծախսումները դեռևս կպահպանվեն ցածր մակարդակում: Հաշվի առնելով նաև գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում սպասվող աճի տեմպերի հավանական դանդաղումը՝ 2016 թվականին տնտեսական աճը գնահատվում է 1.6-2.7%», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ պետբյուջեի` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ 2016թ.–ի պետբյուջեի նախագծում ՀՆԱ–ի իրական աճի ցուցանիշը սահմանված է 2,2 տոկոս։ –0–