ՊԵԿ-ը Սևանում հարկ վճարողների հետ քննարկել է հարկային վարչարարության հարցեր
Տարածաշրջանում առևտրի, հանրային սննդի կազմակերպմամբ, հանգստյան գոտիների տրամադրմամբ և հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող տնտեսվարողներին ՊԵԿ-ը ներկայացրել է նաև սեզոնայնության հետ կապված իրականացվող վարչարարությունը: Սևանի հանգստյան գոտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ոչ միայն որակյալ ու պահանջարկված պետք է լինեն, այլև՝ թափանցիկ, օրինական: Հետևաբար, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին հորդորում է ամբողջությամբ հայտարարագրել իրացման շրջանառությունը:
«Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տեղեկացմամբ՝ նախորդ տարվա 7 ամիսների համեմատ՝ այս տարի Սևանի ավազանում գործող տնտեսվարողների մոտ ՊԵԿ-ը դրական արդյունքներ է արձանագրել. Այս տնտեսվարողների մոտ արձանագրվել է շուրջ 90 տոկոս իրացման ծավալների աճ, ինչպես նաև հարկային վճարումների շուրջ 100 տոկոս աճ, սակայն դա չի նշանակում, որ հասել ենք այն նշաձողին, որ հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորություններն ամբողջությամբ և պարտաճանաչորեն կատարում են», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու սպառիչ պատասխաններ ստացել: Բիզնեսը պատրաստակամություն է հայտնել շտկել թերացումները:-0-