ՌԴ ընկերությունների երեք դուստր ընկերությունները ՀՀ խոշորագույն հարկատուների հնգյակում են
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական երեք ընկերությունների հայկական դուստր ընկերությունները` «Գազպրոմ Արմենիան», «Հայաստանի էլեկտրացանցերը» և «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունը, ընդգրկվել են Հայաստանի խոշոր հարկատուների հնգյակում 2016 թվականի արդյունքներով` պետբյուջե վճարելով 23.1 մլրդ դրամ։ Այս մասին վկայում են ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ–ի 2016 թ.–ի առաջին եռամսյակի տվյալները։
Պաշտոնական տվյալներով` «Գազպրոմ Արմենիան» (բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը «Գազպրոմ» էներգահոլդինգն է) գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Ընկերությունը 2016 թ.–ի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել ավելի քան 15,6 մլրդ դրամ` 2015 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված մոտ 15 մլրդ դրամի համեմատ (4 տոկոսի աճ)։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն (պատկանում է «Տաշիր» խմբին), որն ընդհանուր ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, հաշվետու ժամանակահատվածում բյուջե է վճարել մոտ 4 մլրդ դրամ (2015 թ.–ի առաջին եռամսյակում` 4,59 մլրդ դրամ)։
«Արմենտել» ընկերությունը (բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «ՎիմպելԿոմին») 2016 թ.–ի հունվար–մարտին բյուջե է վճարել մոտ 3,4 մլրդ դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվարծում վճարված 4,2 մլրդ դրամի համեմատ։ Ընկերությունը ցանկում զբաղեցնում է 5–րդ հորիզոնականը։
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2016 թ.–ի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 156,5 մլրդ դրամ, ինչը 2015 թ.–ի առաջին եռամսյակի նույն ցուցանիշից ավել է 2,7 տոկոսով։ –0–