Վարչապետի գլխավորությամբ կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը
28.07.2016,
12:52
Կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Խորհուրդը քննարկել և հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի գնումների պլանի և Տրանշ 1-ի շրջանակում «Էգիս Ինթերնեյշնլ» խորհրդատվական կազմակերպության հետ կնքված նախագծման, շինարարության կառավարման և վերահսկման պայմանագրի փոփոխությունները:
Մեկ այլ հարցով քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում արտաքին մոնիթորինգի գործակալության մրցույթի գնահատման արդյունքները: -0-