Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

ՀՀ ՏՄՊՊՀ–ն մի շարք խախտումներ է հայտնաբերել էկո–արտադրանքի շուկայում

07.10.2013, 13:46
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մի շարք խախտումներ է հայտնաբերել «Բիո», «Էկո», «Օրգանական», «Էկոլոգիապես մաքուր արտադրանք» մակնշումներով  արտադրանքի արտադրության ոլորտում։

ՀՀ ՏՄՊՊՀ–ն մի շարք խախտումներ է հայտնաբերել էկո–արտադրանքի շուկայում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մի շարք խախտումներ է հայտնաբերել «Բիո», «Էկո», «Օրգանական», «Էկոլոգիապես մաքուր արտադրանք» մակնշումներով  արտադրանքի արտադրության ոլորտում։

Ինչպես երկուշաբթի ՏՄՊՊՀ  նիստի ընթացքում տեղեկացրեց Հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության հարցերի վարչության փորձագետ Հայկ Վարդանյանը, մի շարք տնտեսական սուբյեկտներ, որոնք մասնավորապես գործում են հացաբուլկեղենի, քաղցրավենիքի, մեղրի, պահածոների, ձավարեղենի և թեյի շուկաներում, արտադրանքի փաթեթի վրա էկո պիտակ են տեղադրել` սպառողներին մոլորեցնելու նպատակով։

Ըստ նրա` անբարեխիղճ վարք են դրսևորել «Թալին Ֆուդ», «Կալաչ», «Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան», «Նյու Վեյվ», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինգ Քամփնի», «ԱՁ. Գ.Հյուսյան» և «Ամառտի» ընկերությունները։

«Օրենսդրության համաձայն` «օրգանական», «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կարող են հիշատակվել  արտադրանքի փաթեթավորման վրա և գովազդում` միայն համապատասխան վկայականի առկայությամբ, որը տվյալ ընկերությունները չունեն»,– ասաց նա։

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր հերթին նշեց, որ բոլոր այն ընկերությունների ներկայացուցիչները, որտեղ խախտումներ են գրանցվել, հայտնել են, որ ծանոթ չեն եղել էկոարտադրանքի ոլորտը կարգավորող օրենսդրությանը և չիմանալով են խախտումներ կատարել։

«Հաշվի առնելով այդ հանգամանքը` ՏՄՊՊՀ–ն որոշեց տուգանքներ չկիրառել ընկերությունների նկատմամբ և սահմանափակվել նախազգուշացումներով` տասնօրյա ժամկետում հայտնաբերված խախտումները վերացնելու պայմանով»,– նշեց նա։

Միաժամանակ Շաբոյանն ավելացրեց, որ Հանձնաժողովը նաև դիտարկում է անցկացրել ոչ պարենային արտադրանքների շուկայում և մի շարք մաքրող և լվացող միջոցների, սանիտարահիգիենիկ նշանակության արտադրանքների  փաթեթավորման վրա էկո պիտակ է հայտնաբերել։

«Այսօրվա դրությամբ մեր օրենսդրությունը կարգավորում է պիտակավորման հարցերը միայն պարենային շուկայում։ Մենք մտադիր ենք վերացնել այդ բացթողումը և համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ դիմել Էկոնոմիկայի նախարարություն»,– ավելացրեց նա։ –0–