Երևանում մասնավոր տների գները մարտին մնացել են անփոփոխ
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանում մասնավոր տների միջին շուկայական գները 2016 թ.–ի մարտին, փետրվարի համեմատ, մնացել են անփոփոխ, նշվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ։
Մարտին հանրապետությունում իրականացվել է մասնավոր տների առուվաճառքի 363 գործարք, որոնցից 93–ը` Երևանում։
Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` մասնավոր տների ամենաբարձր գները մայրաքաղաքում գրանցվել են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում և 1 քառակուսի մետրի համար կազմել, համապատասխանաբար, 476,1 և 383 հազար դրամ, իսկ ամենացածր գները` Նուբարաշենում` 1 քառակուսի մետրի դիմաց 150,8 հազար դրամ։
Միաժամանակ մասնավոր տների ամենաբարձր գները մարզերում գրանցվել են Ծաղկաձորում (Կոտայքի մարզ)` քառակուսի մետրի դիմաց 305 հազար դրամ, իսկ ամենացածրը` Դաստակերտում (Սյունիքի մարզ)` քառակուսի մետրի դիմաց 11,6 հազար դրամ, և Թումանյանում (Լոռի)` քառակուսի մետրի դիմաց 12 հազար դրամ (1 դոլարը` 479,34 դրամ)։-0–