Անշարժ գույքի ավելի քան 15 հազար գործարք է կատարվել Հայաստանում նոյեմբերին
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. 2016 թ.-ի նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 15018 գործարք է կատարվել, ինչը 5,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Միաժամանակ գործարքների թիվը նոյեմբերին, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ, ավելացել է 1,6 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 36,8 տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում` 3,4 տոկոս:
Միաժամանակ Կոտայքի մարզում նոյեմբերին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 10,8 տոկոսը, Արարատի մարզում ` 6,7տոկոսը, Արմավիրի մարզում` 7,9 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 6,4 տոկոսը, Լոռիում` 7,6 տոկոսը, Շիրակի մարզում` 6,4 տոկոսը, Սյունիքի մարզում` 4,5 տոկոսը, Արագածոտնի մարզում` 5,5 տոկոսը, Տավուշի մարզում` 4 տոկոսը։
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն, նոյեմբերին անշարժ գույքի հետ կապված գործարքների 27 տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 17,4 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները:
Բացի այդ, Հայաստանում նոյեմբերին գրանցված գործարքների ընդհանուր թվի 12,4 տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 11,7 տոկոսը կազմել են գրավի գործարքները, 4,1 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 27,4 տոկոսը՝ պետական այլ գրանցումները: –0–