Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կնպաստի հայ–չինական տնտեսական հարաբերությունների խորացմանը. Հայաստանի նախագահ

26.03.2015, 19:08
Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է բացում հայ–չինական տնտեսական հարաբերությունների ընդլայնման տեսակետից, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ–ին կնպաստի հայ–չինական տնտեսական հարաբերությունների խորացմանը. Հայաստանի նախագահ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր հնարավորություններ է բացում հայ–չինական տնտեսական հարաբերությունների ընդլայնման տեսակետից, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը: Չնայած ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին՝ կես միլիարդ դոլարը գերազանցող ցուցանիշին, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացմանը, այդուհանդերձ, զրուցակիցների կարծիքով, երկու երկրները չպետք է բավարարվեն եղած ձեռքբերումներով և պետք է ջանքերը շարունակեն առկա տնտեսական ներուժը լիարժեքորեն օգտագործելու, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության, ավիացիայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ բնագավառներ:

ՀՀ Նախագահը և ՉԺՀ պետական խորհրդի նախագահը մեծապես կարևորել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ համագործակցությունը փոխհամաձայնեցված բոլոր ուղղություններով գործնական հարթություն տեղափոխելու առումով: Ընթացիկ տարվա ամռանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կողմերի համոզմամբ, օրակարգում անհրաժեշտաբար պետք է ներառի հայ-չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ չինական կողմի նախաձեռնությունը և դրա իրագործման ուղղությամբ տարվող նպատակադրված աշխատանքը, որում, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ Հայաստանի կառավարությանը ցուցաբերած անհատույց օգնության համար, որի արդյունքները, Հանրապետության Նախագահի խոսքով, տեսանելի են և բարձր են գնահատվում մեր ժողովրդի կողմից:
 
Հայաստանի կառավարությունը մարտի 19–ի նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը, որի շրջանակում ՉԺՀ–ն  անհատույց 60 մլն յուանի կհատկացնի Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար տաղավարի կառուցմանը։

Չինաստանի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականին կազմել է 588.4 մլն` մեկ տարում ավելանալով 29.4 տոկոսով։ -0-