ՏՄՊՊՀ–ն նախատոնական ժամանակահատվածում շուկայում ամենօրյա դիտանցում է իրականացնելու և խստորեն պատժելու է չարաշահումների համար
11.12.2014,
16:00
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախատոնական ժամանակահատվածում շուկայում ամենօրյա դիտանցում է իրականացնելու և խստորեն պատժելու է չարաշահումների համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասել է ՏՄՊՀՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով շուկայում մի շարք ապրանքների գների բարձրացման կապակցությամբ իրականացված դիտանցման արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախատոնական ժամանակահատվածում շուկայում ամենօրյա դիտանցում է իրականացնելու և խստորեն պատժելու է չարաշահումների համար, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասել է ՏՄՊՀՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով շուկայում մի շարք ապրանքների գների բարձրացման կապակցությամբ իրականացված դիտանցման արդյունքները։
Նրա խոսքերով, հաշվի առնելով արտարժույթի փոխարժեքի տատանման և նախատոնական ժամանակահատվածում մի շարք ապրանքների գների աճի կապակցությամբ շուկայում ստեղծված իրավիճակը` հանձնաժողովը շարունակելու է ամենօրյա դիտանցում իրականացնել այն ապրանքային շուկաներում, որոնք գտնվում են ՏՄՊՊՀ–ի տեսադաշտում։
Նա նշել է, որ հանձնաժողովը հետևելու է խոշոր ընկերությունների վարքագծին, նրանց տնտեսական գործունեությանը, որպեսզի թույլ չտրվի, որ խոշոր ընկերությունները հակամրցակցային գործողություններ իրականացնեն:
«Վստահեցնում եմ, որ այն խոշոր ընկերությունները, որոնք չարաշահում թույլ կտան, հակամրցակցային գործողություն կկատարեն, հանձնաժողովի կողմից խստորեն կպատժվեն», – ասել է Շաբոյանը։
Հայկական դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ նոյեմբերի 24–ին բարձրացել էր 16.6 կետով` հասնելով 435 դրամի և թարմացնելով ութ տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է գրանցում, և այսօրվա դրությամբ այն արդեն հասել է 457,31 դրամի։
Հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններն անդրադարձել են սոցիալական նշանակության 16–17 անուն ապրանքներին, որոնց թվում են շաքարավազը, կարագը, ձեթը, հավի միսը, հավկիթը, սուրճը, ալյուրը և այլն, որոնք ներկայացված Հանձնաժողովի վերահսկողության տակ գտնվող ապրանքային շուկաներում, որտեղ խոշոր դերակատարներ են գործում։ Ուսումնասիրությունն անցկացվել է նոյեմբերի 1–ից դեկտեմբերի 10–ին ընկած ժամանակահատվածում, երբ հայկական դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է գրեթե 13 տոկոսով` 411 դրամից դառնալով 463 դրամ։
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունն ուղղակի և անմիջական ազդեցություն ունեցավ ներկրված ապրանքների գների վրա, որոնք սկսեցին բարձրանալ նոյեմբերի 20–ից, ինչից հետո ազդեցությունը տարածվեց նաև տեղական արտադրանքի վրա ($1 – 457,31 դրամ)։ –0-