Եվրահանձնաժողովի փորձագետներն ավարտել են հայկական ԱԷԿ–ի «սթրես-թեստի» վերաբերյալ հաշվետվության գնահատումը
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովի փորձագետներն ավարտել են «Հայկական ԱԷԿ–ի ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատման վերաբերյալ ազգային հաշվետվության» գնահատումը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ–ում ԵՄ պատվիրակությունից։
2015 թվականի օգոստոսին ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորող պետական կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանը ներկայացրեց «Հայկական ԱԷԿ-ի «սթրես-թեստի» վերաբերյալ ազգային հաշվետվությունը»:
«Փորձագիտական գնահատումը կատարվեց ս.թ. հունիսի 21-ից 22-ը Հայաստանում: 10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության բնագավառը կարգավորող մարմինների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է: 2011 թվականին Ֆուկուշիմա ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո ԵՄ-ն դարձավ աշխարհում առաջատարը՝ իր պետություններում ԱԷԿ-ների ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատման՝ սթրես-թեստերի իրականացման ուղությամբ:
2011թ.-ի հունիսի 23-ին Հայսատանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Խորվաթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը և Ուկրաինա Եվրամիության հետ համագործակցությամբ հաստատեցին իրենց պատրաստակամությունը կամավորականության սկզբունքով ռիսկերի և անվտանգության համապարփակ գնահատում՝ սթրես-թեստեր նախաձեռնելու ուղղությամբ ՝ հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի և Միջուկային անվտանգության կարգավորողների Եվրոպական խմբի միջև 2011 թվականի մայիսի 24-ին համաձայնեցված տեխնիկական բնութագրերը:–0–