Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս. ԱՎԾ

19.01.2015, 16:00
Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս, ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս. ԱՎԾ
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս, ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

«Այս փաստացի ցուցանիշը համապատասխանում է ԿԲ–ի սահմանած ծրագրային ցուցանիշին», – երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը։

2014 թ.–ի պետբյուջեում գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ Նմանատիպ ցուցանիշ է սահմանված նաև 2015 թ.–ի պետբյուջեում։

Նրա խոսքերով` նախորդ տարվա առաջին կեսին Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել են էական գնանկումային միտումներ, մասնավորապես` բարձր գնաճ է արձանագրվել միայն հունվարին` 2,8 տոկոս։ «Բացառությամբ ապրիլի, երբ ևս գրանցվել է 0,5 տոկոսանոց գնաճ, ընդհուպ մինչև հունիս գրանցվել են գնանկումային միտումներ», – պարզաբանեց նա` հավելելով, որ ընդհանուր գնանկումն առաջին կիսամյակում կազմել է 5,2 տոկոս։

Մարտիրոսյանը նշեց, որ օգոստոսից սկսած երկրի սպառողական շուկայում հետագա բոլոր ամիսներին գրանցվել է գնաճ, մասնավորապես` օգոստոսին այն կազմել է 0,7 տոկոս, նոյեմբերին` 1,3 տոկոս, դեկտեմբերին` 3 տոկոս։ «Ընդհանուր առմամբ վերջին հինգ ամսում գնաճը կազմել է 6,5 տոկոս», – ավելացրեց նա։

2014 թ.–ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, ուսումնասիրված 470 անուն ապրանքների և ծառայությունների շրջանում գնաճային միտումներ են նկատվել 331 անուն ապրանքի շրջանում, այդ թվում մինչև 1 տոկոսանոց գնաճ` 130 անուն ապրանքի և ծառայության շրջանում, 1–2 տոկոսանոց գնաճ` 68–ի շրջանում, 2–5 տոկոսանոց գնաճ` 71–ի շրջանում, 5–10 տոկոսանոց գնաճ` 40–ի շրջանում և ավելի քան 10 տոկոսանոց գնաճ` 22 անուն ապրանքի շրջանում։

Մարտիրոսյանը նշեց, որ գների նվազում է նկատվում 120 անուն ապրանքների և ծառայությունների մոտ, որոնցից մինչև 1 տոկոսանոց անկում` 53 անուն ապրանքի շրջանում , 1–2 տոկոսանոց` 19–ի շրջանում, 2–5 տոկոսանոց` 36–ի շրջանում, 5–10 տոկոսանոց` 12 անուն ապրանքի շրջանում, միաժամանակ 19 անուն ապրանքների ու ծառայությունների գները չեն փոխվել։ 

Նա նշեց, որ պարենային ապրանքների 13 խմբի շրջանում գների նվազում է արձանագրվել միայն ձկնային ապրանքների շրջանում` 0,3 տոկոս։ Մնացած 12 խմբում գները բարձրացել են 0,3–18,2 տոկոսի սահմանում։ 

«Միաժամանակ գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է բանջարեղենի և կարտոֆիլի դեպքում` 18,2 տոկոս, շաքարավազը` 9,6 տոկոս, միրգը` 8,3 տոկոս, թեյը, սուրճը, կակաոն` 6,1 տոկոս, հացաբուլկեղենը` 4,3 տոկոս, ձուն` 4 տոկոս, կենդանական և բուսական յուղը` 3,6 տոկոս, մսամթերքը` 2,3 տոկոս», – նշեց Մարտիրոսյանը։–0–