Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում գնաճի ցուցանիշն իր նպատակային միջանցք կվերադառնա 2014 թվականի կեսին. ԿԲ

28.10.2013, 19:16
Հայաստանում գնաճի ցուցանիշը նպատակային միջանցքի 4% (±1,5%) շրջանակ կվերադառնա 2014 թվականի կեսին, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Հայաստանում գնաճի ցուցանիշն իր նպատակային միջանցք կվերադառնա 2014 թվականի կեսին. ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճի ցուցանիշը նպատակային միջանցքի 4% (±1,5%) շրջանակ կվերադառնա 2014 թվականի կեսին, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանի գնաճը 2013 թվականի հունվար–սեպտեմբերին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5.6 տոկոս։ Միաժամանակ, հանրապետության 12–ամսյա գնաճը սեպտեմբերին կազմել է 8.2 տոկոս։

Ջավադյանի խոսքով, այս տարվա հուլիսին էներգակիրների գների զգալի բարձրացման հետևանքով գնաճը գերազանցել է նպատակային ցուցանիշը։

«Էներգակիրների գների ուղղակի և անուղղակի ազդեցությունը գնաճի ցուցանիշի վրա կազմել է մոտ 3 տոկոս։ Այդ ազդեցությունը մեղմելու նպատակով ԿԲ–ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը»,– ասաց Ջավադյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդն այս տարվա օգոստոսի 13–ի նիստում որոշում է ընդունել բարձրացնել վերաֆինանսավորման դրույքաչափը 0.5 տ.կ.–ով` մինչև 8.5 տոկոս։ Մինչ այդ կարգավորիչը վերջին անգամ վերաֆինանսավորման դրույքաչափը փոխել էր 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` այն 8.5 տոկոսից նվազեցնելով մինչև 8 տոկոս։

Ջավադյանը նշեց նաև, որ գնաճի ցուցանիշը կհաջողվի նպատակային միջանցքի շրջանակ վերադարձնել 2013 թվականին կառավարության կողմից իրագործվող մակրոտնտեսական կայունության ապահովման և դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականության ուղին շարունակելու ծրագրերի միջոցով։

2014 թվականի պետբյուջեի նախագծում, ինչպես և 2013 թվականին, 12–ամսյա գնաճի ցուցանիշը սահմանված է 4% (±1,5%) չափով։

Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գազի սակագինը 156 հազար դրամ է յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար  (ներառյալ ԱԱՀ)` նախկին 132 հազար դրամի փոխարեն։ 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սպառման ցերեկային սակագինը բնակչության համար կազմում է 38 դրամ (ներառյալ ԱԱՀ) նախկին 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (ներառյալ ԱԱՀ)` նախկին 25 դրամի դիմաց։ ($1 – 405,76 драма)։  —0—