Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+9

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը

05.02.2018, 13:21
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ:
Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մթերումների կազմակերպմանը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, մթերման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարցեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին սկսել գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, որպեսզի նրանք վստահ լինեն, որ իրենց արտադրանքը երաշխավորված կերպով կմթերվի: Միաժամանակ առաջարկել է ակտիվորեն աշխատել ֆինանսական կառույցների հետ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար, որպեսզի մթերման սեզոնի մեկնարկին վարկերն արդեն հաստատված լինեն, և մթերումների դիմաց վճարումների կատարումն ընթանա սահուն և առանց ուշացումների:

«Տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է վերամշակողներին ներկայացնել իրենց անհրաժեշտ սարքավորումների ցանկը», - նշվում է հաղորդագրությունում: