Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Առաջիկա երեք տարիներին Հայաստանում կավելանան կարտոֆիլի ցանքատարածությունները. Բերբերյան

24.12.2013, 13:43
Առաջիկա երեք տարիներին Հայաստանում կավելանան կարտոֆիլի ցանքատարածությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել, եթե խոչընդոտներ չլինեն Վրաստանի կողմից, ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։
Առաջիկա երեք տարիներին Հայաստանում կավելանան կարտոֆիլի ցանքատարածությունները. Բերբերյան
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա երեք տարիներին Հայաստանում կավելանան կարտոֆիլի ցանքատարածությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել, եթե խոչընդոտներ չլինեն Վրաստանի կողմից, ասաց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը։

Չնշելով ցանքատարածությունների հնարավոր աճի կոնկրետ թվերը` Բերբերյանը նշեց, որ աճը պայմանավորված կլինի այն շահույթով, որն այս տարի մենատնտեսները ստացել են կարտոֆիլի վաճառքից։

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, Հայաստանում կարտոֆիլի բերքը 2013 թվականին կազմել է 659.6 հազար տոննա։

Բերբերյանը միաժամանակ հատուկ ուշադրություն դարձրեց հայկական կարտոֆիլի` Վրաստան արտահանելու հետ կապված խնդիրներին։ Վրաստանի շուկան շատ կարևոր է կարտոֆիլ աճեցնողների համար։

«Շատ կարևոր է մեր կառավարության դիրքորոշումը, ինչի արդյունքում մենք կամ կկորցնենք վրացական շուկան, կամ կմնանք այնտեղ»,– նշեց նա։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկությամբ, այս տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանից կարտոֆիլի խմբաքանակի առաջնային զննման ժամանակ Սադախլոյի մաքսակետում բացահայտվել են կարտոֆիլի վարակման ախտանիշներ վնասակար միկրոօրգանիզմներով` Ralstonia solanacearum (գորշ բորբոս) և  Synchytrium endobioticum (Schilb) Perc (կարտոֆիլային քաղցկեղ)։  

Կարանտինային օբյեկտի նույնականացման և բեռի վարակման հաստատման նպատակով կարտոֆիլի նմուշներն ուղղվել են հատուկ լաբորատորիա։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գորշ բորբոսով 114.500 կիլոգրամ կարտոֆիլի վարակումը։ Վրաստանի կառավարության որոշմամբ, վարակված բեռը վերադարձվել է արտահանող երկրին։

Հայկական կողմն իր հերթին հայտնել է, որ վարակված կարտոֆիլի նմուշները հայկական խմբաքանակից չեն վերցված, և որ Հայաստանում գորշ բորբոս ընդհանրապես չկա։ -0-