Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է արել մասնավոր հատվածին միասին պայքարել կոռուպցիայի դեմ

29.07.2015, 15:43
Հայաստանի ղեկավարությունը քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների օգնության կարիքն ունի կոռուպցիայի դեմ պայքարում, չորեքշաբթի ասաց արդարադատության նախարարի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերների դեմ» համաժողովում։
ՀՀ արդարադատության նախարարությունը կոչ է արել մասնավոր հատվածին միասին պայքարել կոռուպցիայի դեմ
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 29. /ԱՌԿԱ/. Հայաստանի ղեկավարությունը քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների օգնության կարիքն ունի կոռուպցիայի դեմ պայքարում, չորեքշաբթի ասաց արդարադատության նախարարի տեղակալ, հակակոռուպցիոն ծրագրերի ազգային համակարգող Սուրեն Քրմոյանը «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերների դեմ» համաժողովում։

Երևանում անցկացվող «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերների դեմ» համաժողովը կազմակերպել են Հայաստանի արդարադատության նախարարությունը և Transparency International հասարակական կազմակերպությունը` Հայաստանում ԵՄ–ի ներկայացուցչության աջակցությամբ։

«Ոչ ոք չի պնդում, որ մեզ մոտ կոռուպցիա չկա, որ մեր վարկանիշն այդ հարցում գտնվում է բարձր մակարդակում։ Բայց վերջին տարիներին որոշակի առաջընթաց կա, թեպետ ոչ մեծ, բայց լավ է արդեն այն, որ հետընթաց չկա։ Մեր գործունեության ակտիվացման շնորհիվ պետք է այնպես անել, որպեսզի դա զգան մեր քաղաքացիները»,– ասաց Քրմոյանը։

Transparency International–ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքս 2014» վարկանիշում Հայաստանը 37 միավորով 94–րդ տեղում է, Ադրբեջանը 126–րդն է (29 միավոր), Վրաստանը 50–րդն է 52 միավորով։

Քրմոյանը նշեց, որ նրանց աշխատանքի նոր ուղղությունը կլինի բիզնեսի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը։

«Անհրաժեշտ է պայքարել կոռուպացիայի դրսևորումների հետ ոչ միայն պետական հատվածում, այլ նաև մասնավոր ընկերություններում»,– նշեց արդարադատության փոխնախարարը։

Նա կոչ արեց բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պայքարել կոռուպցիայի դեմ համատեղ ջանքերով։

«Բիզնեսը և մասնավոր հատվածն այն սուբյեկտներն են, որոնք հակակոռուպցիոն պայքարի շահառուներ են, միաժամանակ նրանք կարող են հանդես գալ որպես իրավիճակի վրա բացասական ազդող կողմեր։ Այն անձինք, որոնք մասնակցում են կոռուպցիոն սխեմաներին, նպաստում են ոչ մրցակցային դաշտի ստեղծմանը` բարդացնելով հասարակության և պետության խնդիրը»,– ընդգծեց նա։

750 հազար դոլար արժողությամբ կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրն ընդունվել է Հայաստանում հուլիսի 28–ին կայացած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի արդյունքում Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ։

Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորում է ծրագրի իրագործման ծախսերի մինչև 25 տոկոսը, մնացած գումարը տրամադրելու է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն այդ ռազմավարության շրջանակում։ Ֆինանսական աջակցությունն ուղղորդվելու է փորձագիտական հանձնաժողովի ստեղծմանը, 2015-18թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը, ինչպես նաև հասարակայնության հետ կապի ոլորտում ռազմավարության մշակմանը։