Էներգետիկայի նախարարություն. Լրացավ Հայաստանի ատոմակայանի վերագործարկման 20-ամյակը
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 6,5տարվա ժամանակավոր դադարից հետո` 1995թ. նոյեմբերի 5-ին, վերագործարկվեց ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։
Անցած 20 տարիների ընթացքում կայանի անվտանգության բարձրացման համար իրականացվել է շուրջ 1,5 հազար միջոցառում։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի գործունեության ժամկետն առաջին անգամ երկարացվեց 2006թ-ին։ 2013թ սեպտեմբերի 13-ին կառավարությունը որոշեց տասնամյա ժամկետի ավարտից հետո այն երկարացնել ևս 10 տարով։
Այդ նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման աջակցության և ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ։ ՌԴ կառավարության կողմից հատկացվել է 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ։
Նախատեսվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հերթական տասնամյա ծրագիրն իրականացնել երկու փուլով։ Առաջին փուլում կկատարվի սարքավորումների և համակարգերի ուսումնասիրություն, երկրորդ փուլում՝ դրանց փոխարինում և արդիականացում։ Այդ ընթացքում կիրականացվեն միջոցառումներ նաև կայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ։ Պլանավորված միջոցառումների արդյունքում ակնկալվում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2017թվական։
Հայկական ԱԷԿ–ը գտնվում է Մեծամոր քաղաքում` Երևանից 30 կմ դեպի արևմուտք։ Այն տարածաշրջանում գործող միակ ատոմակայանն է։ Այս պահին գործում է ԱԷԿ–ի միայն երկրորդ էներգաբլոկը` ապահովելով երկրում էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության մոտ 30–35 տոկոսը։ –0–