Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
0

Մարզահամերգային համալիրը կտոր–կտոր են անում. թերթ

14.04.2016, 12:57
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ մութ պատմությունները շարունակվում են:
Մարզահամերգային համալիրը կտոր–կտոր են անում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./ԱՌԿԱ/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ մութ պատմությունները շարունակվում են, գրում է «Հայկական ժամանակը»։

Հաջորդ շաբաթ՝ ապրիլի 22-ին, ժամը 17-ին տեղի կունենա աճուրդ, որին ներկայացված է ՄՀՀ-ի գույքի մի մասը: Ավելի քան 2500 անուն ապրանքներ վաճառքի են ներկայացված մեկ լոտով, որի ընդհանուր գինը 2,3 մլրդ դրամ է: Այս նույն ապրանքներն աճուրդի էին հանվել ապրիլի 1-ին, բայց հայտ չլինելու պատճառով աճուրդը չէր կայացել, գրում է թերթը։

«Սրանք չոր փաստեր են, բայց ինչ է կանգնած այս պատմությունների հետևում, թերևս արդեն պարզ է: Մարզահամերգային համալիրը ի վերջո վաճառվելու է շատ ցածր գնով և դժվար չէ կռահել, թե ով է լինելու ապագա գնորդը», – նշում են հոդվածի հեղինակները։

Մի քիչ նախապատմություն

Համալիրի սեփականատերը «Բամօ» ընկերությունն էր, որը մեծ ներդրումներ էր արել համալիրում: Հանգամանքների բերումով, այդ ընկերությունը կառավարությունից 20 մլն դոլարի վարկ էր վերցրել և դժվարություններ ունեցավ այն մարելու հարցում: Կառավարությունն էլ իր հերթին դատարանների ու ԴԱՀԿ-ի միջոցով կայծակնային արագությամբ այդ 20 մլն դոլարի դիմաց հետ վերցրեց մոտ 60 մլն դոլար գնահատված համալիրը և հանեց այն վաճառքի, գրում է թերթը։

Հոդվածի հեղինակները նշում են, որ գնորդներ չեղան, և համալիրի գինը սկսեց կամաց-կամաց իջնել: Ի վերջո, անցած տարվա օգոստոսին համալիրը 30 մլն դոլարով վաճառվեց մի, մեղմ ասած, մութ ընկերության՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» անվանումով: Վաճառքից ընդամենը 20 օր առաջ գրանցված այս ընկերության միակ բաժնետերը ոմն Արմեն Զավենի Գևորգյան էր:

Կարճ ժամանակ անց, սակայն, հայտնի դարձավ, որ Արմեն Գևորգյանն իր հիմնադրած ընկերությունը վաճառել է Վահագ Դինո Ավադիսյանին, որի անունը համառորեն շրջանառվում է ԱՄՆ-ում կատարված ֆինանսական խարդախություններում:

Այս տարվա փետրվարին հանկարծ պարզվեց, որ վերը նշված «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ընկերությունը չի վճարել 30 մլն դոլարը, և կառավարությունը իր որոշմամբ չեղյալ համարեց վաճառքի պայմանագիրը: «Ու հիմա սկսել են վաճառել համալիրի գույքը՝ կտոր-կտոր: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ է տեղի ունենում, նշենք, որ վաճառքի են հանել սեղաններ, աթոռներ, պահարաններ, հայելիներ, գորգեր, ծորակներ, փականներ, լուսարձակներ, հոկեյի դարպասներ, խոզանակի կախիչներ, լվացարաններ, ապակիներ…», – նշում է թերթը։

«Դժվար չէ կռահել, որ մեկ լոտով աճուրդի հանված նշված ապրանքներն այս անգամ էլ չեն վաճառվելու, և դրանց գինը գնալով նվազելու է անընդհատ: Նվազելու է նաև ՄՀՀ-ի շենքի գինը: Թե որքան կնվազի, կախված է նրանից, թե որքանով է ապագա սեփականատերը պատրաստ վճարել ՄՀՀ-ի դիմաց: Դժվար չէ կռահել նաև, որ որևէ երկրորդ հավակնորդ չի հայտնվելու երբեք, ու գինը կիջեցնեն՝ որքան ցանկանան: Չի բացառվում, որ ի վերջո, մոտ 60 մլն դոլար գնահատված արժեքով ՄՀՀ-ն վաճառվի, ասենք մի 10 մլն դոլարով», գրում են հոդվածի հեղինակները։–0–