ԴՄԾ–ն բավարարել է ՌԴ մուտք գործելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի քաղաքացիների հայտերի մոտ 22 տոկոսը
06.02.2015,
17:54
ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը բավարարել է ՌԴ մուտք գործելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի քաղաքացիների հայտերի մոտ 22 տոկոսը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը բավարարել է ՌԴ մուտք գործելու արգելքը չեղյալ հայտարարելու մասին Հայաստանի քաղաքացիների հայտերի մոտ 22 տոկոսը, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
«2014 թ.–ի հունիսից մինչև օրս ստացվել է ավելի քան 4 հազար հայտ, որոնցից ավելի քան 3 հազարը ներկայացվել են Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն, և հայտերի մոտ 22 տոկոսին դրական եզրակացություն է տրվել», – ասաց Եգանյանը։
Նա նշեց, որ ըստ ռուսական աղբյուրների` հիմա ավելի քան 3 մլն մարդ հայտնվել են օրենսդրական նորմերը խախտած անձանց ցանկում, ինչի հետևանքով նրանց արգելվել է տասը տարի մուտք գործել Ռուսաստան։ Նույն աղբյուրների համաձայն` ռիսկի խմբում հայտնված Հայաստանի քաղաքացիների թիվը կազմում է 180 հազար։
«Արդեն 50–60 հազար քաղաքացիներ, ովքեր դուրս են եկել Ռուսաստանի տարածքից (հիմնականում մեկնել են Հայաստան), չեն կարող վերադառնալ ՌԴ։ Այդ քաղաքացիների խնդրի լուծման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի պետական միգրացիոն ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև», – ասաց Եգանյանը։
Նրա խոսքերով, պայմանավորվածությունների համաձայն` Ռուսաստան մուտք գործելու արգելքը չեղյալ հայտարարելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է դիմեն Պետական միգրացիոն ծառայություն, որը դիմումներն ուսումնասիրելուց հետո դրանք ներկայացնում է ՌԴ ԴՄԾ։
Նա նաև հիշեցրեց, որ այն բանից հետո, երբ 2015 թ.–ի հունվարի 2–ից Հայաստանը դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ, Հայաստանի քաղաքացիները միության անդամ երկրների տարածքում աշխատելու համար չպետք է ունենան աշխատանքի թույլտվության հատուկ փաստաթղթեր, այդ թվում նաև` պատենտ։
Սակայն Ռուսաստանի տարածքում օրինական աշխատելու և բնակվելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան գործատուի հետ կնքված աշխատանքային և քաղաքացիական–իրավական պայմանագիր։ Միաժամանակ այժմ որպես գործատու կարող է հանդես գալ նաև ֆիզիկական անձը։–0–