Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Քլորոպրենային կաուչուկի արտադրությունը «Նաիրիտ» քիմիական գործարանում անհրաժեշտ է վերականգնել. փորձագետ

20.02.2014, 18:07
Քլորոպրենային կաուչուկի արտադրությունը «Նաիրիտ» քիմիական գործարանում անհրաժեշտ է վերականգնել, կարծում է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
Քլորոպրենային կաուչուկի արտադրությունը «Նաիրիտ» քիմիական գործարանում անհրաժեշտ է վերականգնել. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Քլորոպրենային կաուչուկի արտադրությունը «Նաիրիտ» քիմիական գործարանում անհրաժեշտ է վերականգնել, կարծում է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

2013թ. դեկտեմբերին «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

«Ռոսնեֆտը ծրագրում է Հայաստանում հաստատել բութադիենային կաուչուկի արտադրություն «Նաիրիտ» գործարանի հիման վրա։ Բայց կարծում եմ, որ դրանով չի կարելի սահմանափակվել։ Մենք պետք է հասնենք նրան, որ «Նաիրիտում» նույնպես քլորոպրենային կաուչուկ արտադրեն, ինչի համար էլ հենց ստեղծվել է գործարանը և ինչի շնորհիվ այն ընդգրկվել է աշխարհի խոշորագույն գործարանների վեցնյակում»,– ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսում։

Գործարանի վերականգնման և կաուչուկի արտադրության հաստատման տարբերակներից մեկը Սաֆարյանը համարում է «Նաիրիտի» միավորումը Երևանի ՋԷԿ–ի հետ և Իրանից ապրանքափոխանակմամբ կաուչուկի արտադրությունը գազային հումքի օգտագործմամբ։ Ըստ նրա, բարտերի արդյունքում արտադրված կաուչուկի մի մասը կարող է փոխանցվել Իրանին, իսկ մնացածը` իրացվել միջազգային շուկայում։ Ստացված շահույթը, փորձագետի խոսքով, կուղղվի գործարանի պարտքերի մարմանը։

Հունվարի 22–ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցը «Նաիրիտ գործարան» քիմիական հսկայի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունից 107.95 միլիոն դոլար գանձելու մասին։

Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է գանձել հիմնական պարտքի 68.6 մլն դոլարը, ինչպես նաև վարկի տոկոսներն ու տուժավճարը։ Ի սկզբանե Միջպետական բանկը հայց էր ներկայացրել ընկերությունից 25.183 միլիոն դոլար գանձելու վերաբերյալ, սակայն նախորդ նիստում հայցորդն ավելացրել էր հայցապահանջները։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։

Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ --0—