Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանում ՓՄՁ ներկայացուցիչները պահանջարկի լուրջ անկում են նկատում շուկայում

15.10.2013, 14:27
Հայաստանի փոքր և միջին բիզնեսը ներկայացնող գործարարները նշում են, որ շուկայում լրջորեն նվազել է պահանջարկը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը Հայաստանի ՓՄՁ հետազոտության շնորհանդեսի ժամանակ։
Հայաստանում ՓՄՁ ներկայացուցիչները պահանջարկի լուրջ անկում են նկատում շուկայում
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր և միջին բիզնեսը ներկայացնող գործարարները նշում են, որ շուկայում լրջորեն նվազել է պահանջարկը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը Հայաստանի ՓՄՁ հետազոտության շնորհանդեսի ժամանակ։

«Հետազոտության արդյունքները շատ հետաքրքիր են, քանի որ ՓՄՁ գործարարները շուկայի պահանջարկի լուրջ անկում են նշում, ինչը հիմնականում պայմանավորված է ինչպես ժողովրդագրական խնդիրներով, որոնք առկա են Հայաստանում միգրացիայի տեսանկյունից, այնպես էլ ներքին սպառման ծավալի կրճատմամբ»,– ասաց Ջրբաշյանը։

Ըստ նրա, որպես զարգացման խնդիր ՓՄՁ–ի ներկայացուցիչները նշում են նաև հարկային բեռը` միաժամանակ ընդգծելով, որ երկրում անցկացվող հարկային բարեփոխումների շրջանակում ակնկալվում են ոլորտի ընկերությունների լուրջ փոփոխություններ։

Նա նշեց, որ այդ խնդիրը հատկապես սուր է հյուսիսային խոշոր քաղաքներում, մասնավորապես, Վանաձորում և Գյումրիում, որտեղ պահանջարկի կրճատման հետևանքով ՓՄՁ ներկայացուցիչները ներդրումային նոր նախագծեր չեն նախաձեռնում։

Ինչպես կարծում է Ջրբաշյանը, այդ խնդիրը պետք է լինի շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում։

Նա միաժամանակ նշեց, որ ֆինանսավորման կամ տեխնոլոգիաների ներդրման հետ կապված ավելի վաղ հնչեցրած խնդիրներն արդեն արդիական չեն ՓՄՁ ներկայացուցիչների համար։

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին նվիրված հետազոտություն է անցկացրել։ Փաստաթուղթը հիմնված է 2013 թվականի մայիս–հունիս ամիսներին ՓՄՁ 1003 սուբյեկտներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքների վրա, որոնցից 655–ը գործում են Երևանում, 144–ը` Գյումրիում, 152–ը` Վանաձորում, 52–ը` Դիլիջանում։ Միաժամանակ, հետազոտությանը մասնակցած ընկերությունների 74.4 տոկոսը միկրոբիզնեսի սուբյեկտներ են, 20.2 տոկոսը` փոքր, 5.1 տոկոսը` միջին բիզնեսի։ Դրանցից ՓՄՁ ընկերությունների 47.6 տոկոսը հետազոտվող քաղաքներում զբաղված է առևտրի ոլորտում, 34.4 տոկոսը` ծառայությունների ոլորտում, 15.5 տոկոսը` արդյունաբերության, իսկ 2.2 տոկոսը` շինարարության։ Միաժամանակ, առևտրի ոլորտը միկրոբիզնեսի սուբյեկտների շարքում կազմում է 55.2 տոկոս։

Հետազոտության ամբողջական տարբերակը հասանելի է բոլորի համար 1.240 մլն դրամով։

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը, որը խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է, առաջարկում է մասնագիտական ծառայություններ երեք հիմնական ուղղություններով՝ կառավարման, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն: Ընկերությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական և ռազմավարական խորհրդատու և գործընկեր հաճախորդների համար պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև Հայաստանում և Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպություններում: -0-