Պետք է գույքահարկ գանձել պետական կառույցներից և եկեղեցուց. Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին վարչապետը, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը առաջարկում է գույքահարկ գանձել պետական կառույցներից և եկեղեցուց:
Պատմականորեն այնպես է ստացվել, որ Հայ Առաքելական Եկեղեցին գույքահարկ չի վճարում:
Ինչպես չորեքշաբթի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ նշեց Բագրատյանը, հարկային բեռը պետք է հավասար լինի բոլորի համար` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ` պետական կառույցների` կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու համար:
«Հարկավոր է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, գուցե այդ դեպքում, իմ ողջ հարգանքով հանդերձ, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը կառավարության ավելորդ շենքեր չի պահի», - ասաց նախկին վարչապետը:
Ընդ որում, նա հիշեցրեց, որ ինչպես ցույց է տալիս պատմությունը, եկեղեցու հարկման փորձերը միշտ չէ, որ հաջող են ավարտվել իշխանությունների համար:
Ի պատասխան այս առաջարկին` ՀՀ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ կառավարությունը համամիտ է Բագրատյանի այն մտքի հետ, որ գույքահարկը պետք է տարածվի բոլոր կառույցների վրա:
«Սակայն մի կողմից գոյություն ունի եկեղեցուն պատկանող անշարժ գույքի կադաստրային գնահատման խնդիր, մյուս կողմից` Հայ Առաքելական Եկեղեցին չունի անհրաժեշտ ռեսուրսներ` հարկային վճարներ իրականացնելու համար, ինչի կապակցությամբ եկեղեցին ունի արտոնություն», - ասաց Միրումյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ այս պահին կառավարությունը նպատակահարմար չի համարում պետական կառույցներից հարկ գանձելը, քանի որ, հաշվի առնելով համակարգի ֆինանսական վիճակը, տեղի կունենա պետական բյուջեից պետական միջոցների փոխանցում համայնքային բյուջեներ, ինչը նպատակահարմար չէ:
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է այս քայլին դիմել, սակայն բոլոր հարցերի կարգավորումից, այդ թվում` բևեռացման վերացումից հետո, քանի որ մի շարք կառավարական բազմաթիվ շենքեր տեղակայված են կենտրոնում և համապատասխանաբար համայնք ուղղվող միջոցները ավելի շատ կլինեն, քան այն շրջաններից, որտեղ, օրինակ, նման շենքեր չկան» - ասաց Միրումյանը: -0-