Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Երևանում մեկնարկել է «Արմպրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսը

18.10.2013, 16:35
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես է բացվել։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Երևանում մեկնարկել է «Արմպրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես է բացվել։ Բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հոկտեմբերի 18–20–ն անցնող XII մասնագիտացված ցուցահանդեսին իրենց արտադրանքն է ներկայացրել ավելի քան 50 ընկերություն, որոնք արտադրում են ալկոհոլային խմիչք, հանքային ջուր և բնական հյութեր, պտուղ–բանջարեղենային պահածոներ, կաթնամթերք, մսամթերք, ձկնամթերք, չոր մրգեր, հրուշակեղեն, սուրճ և այլն, ինչպես նաև ընկերություններ, որոնք փաթեթավորման և լաբորատոր ծառայություններ են մատուցում։ Այցելուներին ներկայացվել է նաև տարատեսակ գյուղտեխնիկա և սարքավորումներ։

«Այսօր հայ գյուղացին, ըստ ավանդույթի, ցուցադրում է ողջ տարվա աշխատանքի արդյունքը։ Այստեղ ներկայացված է բոլոր տասը մարզերի գյուղատնտեսական ոլորտն ու Հայաստանի վերամշակող արդյունաբերության բնագավառները», – լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Նա ավելացրել է, որ Հայաստանը մեծ հեռանկարներ և ներուժ ունի ինչպես արտադրության և գյուղմթերքի տեսականու, այնպես էլ հայկական գինու, կոնյակի, պահածոների և հանքային ջրի արտահանման ծավալների ավելացման գծով։

Նրա խոսքերով` ՀՀ կառավարությունն արդեն լուրջ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ, որոնցից մեկը դարձավ ՀՀ վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի ստեղծումը։

«Մենք մշակել ենք առաջիկա տարիների համար վերամշակող արդյունաբերության ոլորտների զարգացման ռազմավարությունը, որը հզորությունների ավելացում, նոր տեխնոլոգիաների ներդրում է նախատեսում», – ասել է նա։

Հայաստանի կառավարությունը 2011 թվականի դեկտեմբերի 15-ին հաստատել է արտահանմանն ուղղված ինդուստրիալ քաղաքականության ռազմավարությունը: Ռազմավարությունում ուրվագծված են այն երեք փուլերը, որոնք կապահովեն 11 ճյուղային ուղղությունների զարգացումը: Փաստաթղթում ընդգրկված բոլոր ուղղությունների համար նախատեսված են առանձին հայեցակարգեր, և դրանցից երեքի մասով` կոնյակագործություն, դեղագործություն և ճշգրիտ ինժեներիա, դրանք արդեն մշակվել են:

Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն իր հերթին նշել է, որ վերամշակող արդյունաբերությունն այլ ոլորտն է, որը նպաստում է հայկական արտահանման զարգացմանը, որի հետ մեծ հույսեր են կապված։

«Այսօր բոլորս մեկ անգամ ևս կհամոզվենք, որ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրանքը կարող է մրցունակ լինել, քանի որ մեր ընկերությունները արտադրում են որակյալ ապրանքներ», – ասել է Ղազարյանը` «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը որակելով «ամենահամեղն» ու կոլորիտայինը բոլոր բնագավառներում կազմակերպվող ցուցահանդեսների շրջանում։

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի կազմակերպիչները ցուցահանդեսը համարում են հարթակ արտադրողների արտադրանքի մրցունակության գնահատման, առաջատար տեխնոլոգիաներին ծանոթանալու, արտահանման հնարավորությունների ընդլայնման, նոր ապրանքներ ներկայացնելու, ինչպես նաև գործարար կապերի հաստատելու համար։

«Արմպրոդէքսպո» առաջին միջազգային ցուցահանդեսն անցկացվել է 2001 թ.–ին։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ արտգործնախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Առևտրաարդյունաբերական պալատն ու «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» ՓԲԸ–ն։–0–