Հայաստանը կարող է տարանցիկ ավիացիոն կետ դառնալ. Qatar Airways-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի հատման կետում, այդ իսկ պատճառով նա կարող է տարանցիկ ավիացիոն կետ դառնալ, երկուշաբթի ավիաընկերության Երևան-Դոհա առաջին չվերթին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց Qatar Airways-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն Հյու Դանլիվին։
Երևան-Դոհա-Երևան կանոնավոր չվերթն իրականացվելու է շաբաթը 4 անգամ Airbus 320 ինքնաթիռներով: Ուղևորներին կմատուցվի ծառայությունների լայն շրջանակ` թռիչքի ընթացքում մենյուի ընտրությունից մինչև ժամանց:
«Մենք չափազանց դրական ենք տրամադրված Հայաստանի նկատմամբ: Ամուր հարաբերություններ ենք հաստատել, պայմանագրեր ենք կնքել: Այստեղ մենք հնարավորթյուններ ենք տեսնում մեր աշխատանքում մեծ հաջողությունների հասնելու համար», - նշեց նա:
Դանլիվին հայտնեց, որ այս պահին Երևանում գործում է ընկերության գրասենյակ, որն ունի յոթ աշխատակից, սակայն բիզնեսի հաջող զարգացման դեպքում անձնակազմը կհամալրվի տեղացի կադրերով:
Նրա խոսքով, Qatar Airways-ը նախատեսում է ժամանակի ընթացքում ավելացնել դեպի Հայաստան իրականացվող չվերթերի քանակը:
Դանլիվին հայտնեց, որ Qatar Airways-ի ավիապարկի օդանավերի միջին տարիքը չի գերազանցում 5 տարին, ընդ որում յուրաքանչյուր 10 օրը մեկ ընկերությունը նոր ինքնաթիռներ է ձեռք բերում: Այս պահի դրությամբ Qatar Airways-ն ավելի քան 70 մլդ դոլարի օդանավէ պատվիրել:
Qatar Airways ավիաընկերությունը Միջին Արևելքի ամենախոշոր ավիաընկերություններից մեկն է, որը չվերթեր է կատարում 144 ուղղություններով: Ընկերության ավիապարկում կա մոտ 340 ժամանակակից ինքնաթիռ: -0-