Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացումը կբերի ապագայում ջրային ռեսուրսների տնտեսման. փորձագետ

18.03.2014, 16:45
Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացումը կհանգեցնի ապագայում ջրային ռեսուրսների տնտեսմանը, հայտարարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայջրնախագիծ» նախագծային կազմակերպության տնօրեն Յուրի Ջավադյանը։
Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացումը կբերի ապագայում ջրային ռեսուրսների տնտեսման. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացումը կհանգեցնի ապագայում ջրային ռեսուրսների տնտեսմանը, հայտարարել է տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայջրնախագիծ» նախագծային կազմակերպության տնօրեն Յուրի Ջավադյանը։

ՀՀ կառավարությունը հունվարի 30–ին հավանության է արժանացրել «Սևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների կատարումը, որոնց համաձայն` մինչև 2019 թ.–ը ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները։ Լճից առավելագույն բացթողումը նախատեսվում է ավելացնել` ներկա 170 մլն խորանարդ մետրից հասցնելով տարեկան 240 մլն խորանարդ մետրի։ ՀՀ ԱԺ–ում մարտի 19–ին այս հարցի շուրջ լսումներ կլինեն։

Ջավադյանը պարզաբանել է, որ այն պատճառով, որ Արարատյան դաշտավայրի գրունտային ջրերի մակարդակը վերջին տարիներին իջել է 3–15 մետրով, դրանով իսկ զգալիորեն վատացնելով ձկնաբուծությամբ զբաղվող 30 համայնքներում ոռոգման վիճակը, ոչ բավարար ջրամատակարարումը զգացվում է 8100 հեկտար մակերես ունեցող տարածքում։

«Խնդիրը լուծելու համար մենք առաջարկեցինք 70 մլն խորանարդ մետրով ավելացնել Սևանա լճից ջրի բացթողնման ծավալը հետագա հինգ տարիների ընթացքում։ Այդ ժամանակահատվածում մենք կկարողանանք անցնել ձկնաբուծական ավազանների ջրամատակարարման կիսափակ ցիկլային ռեժիմին` 33 անգամով կրճատելով նրանց կողմից օգտագործվող ջրային ռեսուրսները», – ասել է փորձագետը Արարատյան դաշտավայրի գրունտային ջրային ռեսուրսների վերաբերյալ USAID–ի հետազոտության արդյունքների ներկայացման ընթացքում։

ՀՀ կառավարության 2013 թ.–ի որոշմամբ` բոլոր ձկնաբուծական ֆերմաներն առաջիկա մեկուկես տարվա ընթացքում պետք է կիսափակ ցիկլային ռեժիմի անցնեն, որը ջրի 70 տոկոսի բազմակի օգտագործում է ենթադրում, ինչը կնպաստի դրա առավել ռացիոնալ օգտագործմանը և ծախսերի կրճատմանը։ Միաժամանակ նոր տեխնոլոգիաների գինը` կախված դրանց չափերից, տատանվում է 700 հազարից մինչև 1,5 մլն եվրոյի սահմաններում։

ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության  (USAID) երևանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդն իր հերթին ներկայացրել է հետազոտության արդյունքները` նշելով, որ Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների լուրջ դեֆիցիտ կա։

«Որպես խնդրի լուծում մենք առաջարկում ենք երկու ուղղություն` լուրջ օրենսդրական բարեփոխումներ և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, որոնք թույլ կտան պահպանել ջրային ռեսուրսները», – ասել է Հիլիարդը։

Նրա խոսքերով` ջրային ճգնաժամի պատճառ դարձավ ապօրինի ձկնաբուծությունը, ինչը հանգեցրեց 30 համայնքներում ջրային ռեսուրսների լուրջ պակասի։
 
Միաժամանակ հայ բնապահպանները բողոքում են Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացման դեմ։ Նրանք կարծում են, որ դա կարող է զգալի վնաս հասցնել լճի էկոհամակարգին։–0–