Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

Սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին

04.05.2017, 17:31
Պետական եկամուտների կոմիտեում սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին:
Սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեում սկիզբ է դրվել «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած սահմանային անցակետի շնորհիվ նախատեսվում է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի և ապրանքաշրջանառության համար: 

«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը Հայաստանի հյուսիսային սահմանակետերի` Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի արդիականացման ծրագրերի շարունակությունն է»,- տեղեկացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը` հավելելով, որ վերափոխված շենքային պայմանները ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու հնարավորություն կստեղծեն` խթանելով բեռնափոխադրումների արագ սպասարկումը. «Մեղրիի անցակետի արդիականացմամբ կգործի «մեկ պատուհան» համակարգը, ինչի արդյունքում բեռնափոխադրողները և սահմանային անցակետը հատողները կշփվեն մեկ մարմնի հետ»:

«Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագիրն իրականացնում է Միավորած ազգերի կազմակերպությունը՝ Եվրամիության ֆինանսավորմամբ և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ:

Անցակետի արդիականացման և վերակառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ծրագրի տնտեսական և տեխնիկական հիմնավորումների վերաբերյալ էր։

«Ծրագրի նպատակն է ունենալ միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ, որը կնպաստի առևտրի և բիզնես միջավայրի բարելավմանն` այդ թվում ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին»,- ընդգծել է ծրագրի ղեկավար Արսեն Ավետիսյանը:

Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի նաև Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը: Երկու երկրների սահմանակետերի համատեղ օգտագործման շրջանակում նախատեսվում է իրականացնել տեղեկատվության առցանց փոխանակում:–0–