Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Սարգսյան. «Հայ–ռուսական նոր մակարդակի տնտեսական համագործակցությունը երկխոսության ներկա մակարդակը լրացնելու նպատակ ունի»

02.12.2013, 18:38
Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովում իր ելույթի ժամանակ։
Սարգսյան. «Հայ–ռուսական նոր մակարդակի տնտեսական համագործակցությունը երկխոսության ներկա մակարդակը լրացնելու նպատակ ունի»
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովում իր ելույթի ժամանակ։

«Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, մեծ ներուժ է պարունակում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար»,– ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ:

Նախագահն ընդգծեց, որ այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջև փոխհարաբերություններում:

«Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ և բարեկամի քայլ է: Այն կարևոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ»,– ընդգծեց նա։

Նախագահն ավելացրեց նաև, որ Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել բիզնես-վարչարարության ոլորտում բարեփոխումների հարցում: Բիզնեսի գրանցման դյուրինությամբ երկիրը գրավում է 6-րդ տեղն աշխարհում: Տնտեսական ազատությունների և գործարար միջավայրի վարկանիշներով Հայաստանն առաջ է ԱՊՀ բոլոր երկրներից:

«Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչական իրերի արտադրության և զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի կողմից ընդունված «բաց երկնքի» քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացում օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ Ռուսաստանի տարածաշրջանների հետ»,– ասաց նա։

Նա միաժամանակ նշեց, որ այսօր արդեն Երևանի և Մոսկվայի միջև գործում է 12 ավիաչվերթ մեկ օրում, չվերթեր են իրականացվում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Գյումրիի միջև, իսկ ամբողջ Հայաստանը և Ռուսաստանի 19 քաղաքները միավորում է շաբաթական 130 չվերթ: Եվ այս թվերը, անշուշտ, աճման միտում ունեն:

«Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում՝ արտահանմանն ուղղված»,– ընդգծեց նախագահը։

Նա հիշեցրեց նաև, որ Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն՝ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է: Արդյունավետորեն են աշխատում ռուսական այնպիսի առաջատար ձեռնարկություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «Ռոստելեկոմը», «Ռուսական երկաթուղիներ», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը, «ՄՏՍ-ը»: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին:

Սարգսյանի խոսքով, Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է: 2012թ. առևտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 300 մլն դոլար, ինչը նշանակում է 20 տոկոսանոց աճ՝ 2011թ. համեմատ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մենք հասել ենք միլիարդի սահմանին, ընդ որում Հայաստանից արտահանման մասով աճը կազմել է 24 տոկոս:

«Վստահ եմ, որ առևտրատնտեսական կապերի առաջմղմանը կնպաստի նաև մեր կառավարությունների կողմից հաստատված «Մինչև 2020 թվականը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկարատև տնտեսական համագործակցության ծրագիրը»,– եզրափակեց պետության ղեկավարը։ -0-