Հայաստանը կօգտվի ՏՐԱՍԵԿԱ–ի տարանցիկ արտոնություններից

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ստորագրել է տեխնիկական հավելված ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակում (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք), որը Հայաստանին հնարավորություն կտա մեծացնել դեպի Եվրոպա հայկական բեռների փոխադրման ծավալներն ավտոմոբիլային տրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրումների միջոցով` Սև ծովի Փոթի և Բաթումի նավահանգիստներով, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունը։
«Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» Հիմնական համաձայնագրի` «Սև և Կասպից ծովերում երկաթուղային-լաստանավային համալիրների շահագործման հիմնական սկզբունքների մասին» Տեխնիկական հավելվածը ստորագրվել է ՏՐԱՍԵԿԱ Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Միրչա Չիոպրագայի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք շատ ինտենսիվ և սերտ համագործակցում ենք ՏՐԱՍԵԿԱ-ի հետ և հուսով ենք, որ համագործակցությունը կլինի արդյունավետ նաև Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- նշել է Գագիկ Բեգլարյանը:
Չիոպրագան իր հերթին կարևորել է փոխգործակցությունը Հայաստանի հետ։
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ջանքերը՝ Հայաստանում ՏՐԱՍԵԿԱ-ի կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը նպաստելուն: Վստահեցնում եմ, որ մեր կազմակերպությունն այսուհետ ևս կանի ամենը Եվրոպայից Ասիա տրանսպորտային շարժն առավել ակտիվացնելու համար, որպեսզի Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, կարողանա օգտվել այդ հնարավորությունից», – նշել է Միրչա Չիոպրագան:
Փաստաթուղը Հայաստանին հնարավորություն կտա մեծացնել դեպի Եվրոպա հայկական բեռների փոխադրման ծավալներն ավտոմոբիլային տրանսպորտով և երկաթուղային-լաստանավային փոխադրումների միջոցով` Սև ծովի Փոթի և Բաթումի նավահանգիստներով:
«Եվրոպա–Կովկաս–Ասիա տրանսպորտային միջանցք» ( TRACECA) ծրագիրն իրականացվում է ԵՄ–ի կողմից 1993 թ.–ից։ Ծրագրում ներառվում է ԵՄ–ն և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի 14 պետություններ։ Հայաստանը նախագծին մասնակցում է 1993 թ.–ից։–0–