Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է տասը տարով

27.03.2014, 16:45
Կառավարության որոշմամբ` հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է տասը տարով։
Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է տասը տարով
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Կառավարության որոշմամբ` հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացվել է տասը տարով։

Հինգշաբթի տեղի ունեցած նիստի ընթացքում համապատասխան առաջարկով է հանդես եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձգման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում երկարացնել գործող էներգաբլոկի շահագործման նախատեսված ժամկետը», – ասել է Մովսիսյանը։

Միաժամանակ նա ավելացրել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ուղղված կլինի հայկական ԱԷԿ–ի անվտանգության բարձրացմանը, նախատեսվում է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել կայանի շահագործման ժամկետի երկարացման համար։ Դրա հետ մեկտեղ, ըստ նախարարի, կակտիվացվեն Հայաստանում նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները։

Միաժամանակ ՀՀ վարչապետը խնդրել է Մովսիսյանին մեկնաբանել այսօր մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե կառավարությունը հրաժարվում է նոր էներգաբլոկ կառուցել։

«Հենց այդ պատճառով ես նշեցի, որ այս ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում մենք կակտիվացնենք նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված աշխատանքները, և այս հարցում ձգձգումները մեզանից կախված չեն, այլ պայմանավորված են համաշխարհային տնտեսական ճգնաժամով և մի շարք աշխարհաքաղաքական գործընթացներով, ինչը թույլ չտվեց անհրաժեշտ ֆինանսավորում ապահովել այդ կայանի կառուցման համար», – ասել է Մովսիսյանը։

Միաժամանակ Ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մինչև այս տարվա մայիսի 1–ը միջոցներ ձեռնարկել ծրագրի իրականացման և վարկային միջոցների ներգրավման հարցում Հայաստանի և ՌԴ–ի միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Հայաստանում նախատեսվում է 1000 ՄՎտ հզորությամբ մեկ էներգաբլոկ կառուցել։ Ատոմային վերահսկողության պետական ծառայության տվյալներով` հայկական ԱԷԿ–ի նոր բլոկի կառուցումը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ 2012 թ.–ի փետրվարին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրել էր, որ էներգաբլոկը նախատեսվում է կառուցել 2019–2020 թթ.–ին։  

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո լրագրողներին հայտնեց, որ Ռոսատոմը պայմանավորվածություն է ձեռք բերել հայ փորձագետների հետ` համատեղ աշխատել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։--0—