Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

ԱՄԷ–ի ներդրումները կօգնեն բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը. Էկոնոմիկայի նախարարություն

03.06.2014, 19:49
ԱՄԷ–ի ներդրումները կնպաստեն Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը, ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը երկու երկրների առևտրի պալատների միջև համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում։
ԱՄԷ–ի ներդրումները կօգնեն բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄԷ–ի ներդրումները կնպաստեն Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը, ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը երկու երկրների առևտրի պալատների միջև համաձայնագրի ստորագրման արարողության ընթացքում։

Միաժամանակ նա մեջբերել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որը նա արել է Աբու Դաբիի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Հայտարարության համաձայն` Հայաստանը բաց է ցանկացած ներդրումային ծրագրի համար։

«Վարչապետը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած ներդրողի։ Նման երաշխիքների առկայությունը զգալիորեն նվազեցնում է բոլոր պոտենցիալ ներդրումային ռիսկերը», – ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով` այն փաստը, որ Հայաստանը զբաղեցնում է 37–րդ տեղը ՀԲ–ի Doing Business վարկանիշում, որը գնահատում է երկրում բիզնեսով զբաղվելու հնարավորությունները, բոլոր նախադրյալներն է ստեղծում, որպեսզի ստորագրված համաձայնագիրը հիմք դառնա հետագա կոնկրետ ծրագրերի համար։

ՀԲ–ի Doing Business վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԱՊՀ երկրների շրջանում և 37–րդ տեղում` համաշխարհային մասշտաբով։

Փոխնախարարը նաև նշել է, որ ԱՄԷ–ի ներդրողները աշխարհի խոշորագույն ներդրողներն են, և այդ երկրի ներդրումային հիմնադրամների հետ հաշվի են նստում բոլոր երկրները։

«Մեր երկրների միջև կնքվել է Ներդրումների ապահովագրության պայմանագիր։ Հաշվի առնելով դա` հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը ԱՄԷ–ի ներդրումներն ուղղելու համար Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտմանը», – ասել է Հարությունյանը։

Նա նաև նշել է այն փաստը, որ Հայաստանի և ԱՄԷ–ի հարաբերությունները բավականին երկար պատմություն ունեն։ Վերջին շրջանում այդ հարաբերությունները զարգացում են ապրում, երբ Հայաստանի համար դժվարին պատերազմական ժամանակներում Աբու Դաբիի և Երևանի միջև օդային ուղին «կյանքի ճանապարհ է» դարձել։ Աբու Դաբիից բեռնատար ինքնաթիռներով Հայաստան էին բերվում առաջին անհրաժեշտության իրեր։ Հետագա տարիների ընթացքում պետությունների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում էին։

Աբու Դաբիի առևտրի պալատի ներկայացուցիչներն իրենց ելույթներում ևս ընդգծել են Հայաստանի և ԱՄԷ–ի միջև տնտեսական և քաղաքական կապերի զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսական և լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում ներդրումային գործունեության ակտիվացման կարևորությունը։

Հայաստանի և ԱՄԷ–ի միջև ապրանքաշրջանառությունը 2013 թ.–ին կազմել է 77 697,6 հազար դոլար։ Միաժամանակ Հայաստանից իրականացված արտահանումը կազմել է 9436,8 հազար դոլար, ներկրումը` 68260,8 հազար դոլար։–0–