Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

«Ամերիա» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների լայնածավալ հետազոտություններ

02.10.2012, 19:50
«Ամերիա» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների լայնածավալ հետազոտություններ, ասվում է երեքշաբթի ընկերությունից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված  հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների լայնածավալ հետազոտություններ, ասվում է երեքշաբթի ընկերությունից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված  հաղորդագրության մեջ։
 
«Առաջին հետազոտությունն իրականացվել է Երևանում սննդամթերքի և այլ արագ սպառման ապրանքների մանրածախ առևտրի, բնակչության նախասիրությունների, կատարվող ծախսերի վերաբերյալ, միաժամանակ տրվել են գնահատականներ ըստ սուպերմարկետների և այլ առևտրի կետերի»,– տեղեկացվում  հաղորդագրության մեջ։

Համաձայն հետազոտության արդյունքների` սննդամթերքի, խմիչքի, ծխախոտի և տնտեսական ապրանքների շուկայում սուպերմարկետների տեսակարար կշիռը գնահատվել է մոտ 39%, ընդ որում միայն  30%-ը կազմում են Երևան քաղաքի 4   հիմնական սուպերմարկետները: Հատկանշական է, որ սուպերմարկետներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն Երևանում ալկոհոլային խմիչքների ձեռք բերման շուկայում, նրանց բաժին է ընկնում այդ շուկայի 63.1%-ը:

Ըստ ապրանքատեսակների դիտարկելիս գյուղատնտեսական շուկաները հիմնականում օգտագործվում են մրգի և բանջարեղենի գնումների համար, որոնց բաժին է ընկնում այս ապրանքատեսակների մանրածախ առևտրի ամբողջ ծավալի 28.0%-ը: 

Հացը և ծխախոտը հիմնականում վաճառվում են փոքր խանութներում, որոնց բաժին է ընկնում այդ ապրանքատեսակների համապատասխանաբար` 30.3%-ը և 29.7%-ը:

Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել են ըստ վարչական շրջանների սուպերմարկետների հաճախելիությունը, հաճախորդների կողմից սուպերմարկետների ընտրության հիմնական չափանիշները և այլն: Միաժամանակ, ուսումնասիրությունների արդյունքում սուպերմարկետները դասակարգվել են ըստ տարբեր չափանիշների` գին-որակ, սպասարկում, տեսականի և այլն:

Ուսումնասիրություններից պարզվել է, որ բնակչության 42.3%-ը ամենօրյա գնումների համար հաճախում է սուպերմարկետ, իսկ 41%-ը նույն հաճախականությամբ օգտվում է փոքր խանութներից: Առևտրի մյուս կետերն ըստ հաճախորդների ամենօրյա այցելությունների ունեն  այսպիսի հերթականություն` մեծ մթերային խանութներ, կրպակներ, փողոցային առևտրի կետեր, շուկաներ, մեծ տնտեսական խանութներ, առևտրի կենտրոններ:

Սուպերմարկետի ընտրության համար կարևորագույն գործոններն են ըստ առաջնահերթության` տեսականին, սպասարկման որակը, վստահությունը սուպերմարկետի նկատմամբ,  տեղակայվածության հարմարավետությունը: Սննդամթերքի ընտրության երեք հիմնական գործոններն են ըստ հերթականության՝ որակը, ապրանքների թարմությունը, գինը, իսկ տնտեսական ապրանքների համար՝ որակը, գինը, նախկինում փորձված լինելը:

Ըստ «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանի` արագ սպառման ապրանքների շուկայում մրցակցությունը կենտրոնանում է հիմնականում ցանցային սուպերմարկետների սեգմենտում:

«Այդ առումով հետաքրքիր է, որ ցանցային մանրածախ առևտրի օբյեկտների ի հայտ գալը նաև էական փոփոխություններ առաջացրեց բնակչության կողմից գնումների մշակույթում և սպառման վարքագծում: Դա մի կողմից կարող է դրական ազդեցություն ունենալ սպառողների շահերի տեսանկյունից` ապրանքների որակ, թարմություն, պահպանման պայմաններ, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայր և այլն, մյուս կողմից կարող է ազդել սպառողական ապրանքների գնաճի վրա»,– ասել է նա։

Տվյալ աշխատանքը լիածավալ հետազոտություններից առաջինն է, որն իրականացվել է «Ամերիա» ՓԲԸ–ի կողմից` ՀՀ էկոնոմիկայի տարբեր բնագավառներում։ Հետազոտություններում կիրառվում են վերլուծության առավել ժամանակակից մեթոդներ, միաժամանակ տնտեսության տարբեր բնագավառների զարգացման համապատասխան գնահատականներ և կանխատեսումներ են տրվում։

Նման մանրակրկիտ հետազոտությունը կարող է օգտակար լինել մանրածախ/մեծածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչներին` իրենց բիզնեսն առավել արդյունավետ կազմակերպելու, թույլ և ուժեղ կողմերը գնահատելու, բնակչության պահանջմունքները լավագույն ձևով ընկալելու համար: Հետազոտությունը կարող է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել նաև բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին, պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, առանձին հետազոտողներին և գիտնականներին:

Հետազոտության արդյունքներն առավել խորությամբ և արդեն ըստ համապատասխան առևտրի կետերի կներկայացվեն մոտ ապագայում նախատեսվող կլոր սեղանի քննարկման ընթացքում, որին կմասնակցեն ոլորտի խոշորագույն ընկերությունները, ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչները, ոլորտի փորձագետները և այլն:

Ամերիան Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների ոլորտներում: --0--