Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ամերիաբանկը և Proparco-ն 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել

29.11.2016, 15:54
Ամերիաբանկը և Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Proparco-ն երեքշաբթի կնքել են 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:
Ամերիաբանկը և Proparco-ն 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը և Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Proparco-ն, որն իր գործունեությունն է ծավալում մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ներկայությամբ, երեքշաբթի կնքել են 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր:

Փաստաթուղթը ստորագրել են Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և Proparco-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Գիյոմ Բարբրուսը:

Տրամադրված ֆինանսավորման գումարը նախատեսվում է ուղղել Հայաստանում էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, կրթության և առողջապահության ոլորտներում գործարարության աջակցության, տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:

Կողմերը վստահ են, որ ճկուն պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի երկրում գործարարության աճին և ընդլայնմանը, ինչպես նաև` տեղական և արտահանման շուկաներում հայկական ընկերությունների մրցունակության բարձրացմանը:

Սա Ամերիաբանկի և Proparco ընկերության միջև կնքված երկրորդ գործարքն է: Proparco-ի առաջին ֆինանսական ներդրումը Հայաստանում կատարվել էր դեռևս 2013 թ-ին, երբ ընկերության և Ամերիաբանկի միջև կնքվեց 15 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկությունների, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ֆինանսավորման նպատակով:

Երեք տարի անց Proparco-ն ընդլայնում է տնտեսության այն հատվածների ցանկը, որոնք պետք է ֆինանսավորվեն Ամերիաբանկի հետ կնքված նոր վարկային պայմանագրով տրամադրվող միջոցների հաշվին:

Ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ուրախալի անվանեց այն փաստը, որ Proparco-ն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում:

Նա հիշեցրեց, որ ընկերության` հիմնականում ագրարային սեկտորին ուղղված առաջին վարկի շահառուները չորս հայկական ձեռնարկություններ էին:

Նրա խոսքով, Proparco-ի գործունեությունը համահունչ է իր սկզբունքներին` «կանաչ տնտեսության» կայուն զարգացման աջակցություն, ինչպես նաև` Հայաստանի իշխանությունների` վերականգնվող էներգետիկան զարգացնելու ցանկություններին:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ Proparco-ի հետ ստորագրված վարկային պայմանագիրը ևս մեկ քայլ է տնտեսության զարգացման և երկարաժամկետ ու հասանելի ֆինանասական միջոցներով աշխատատեղեր ստեղծելու հարցում:

Proparco ընկերության ֆինանսական հաստատությունների գծով ղեկավար Գիյոմ Բարբրուսի խոսքով, Ամերիաբանկն առաջատար տեղ է զբաղեցնում ոլորտում, և նրան հաջողվել է ամուր ֆինանսական կառուցվածք հիմնել` իր բաժանորդների շնորհիվ և հաջողության հասնել` հմուտ կառավարման և պրոֆեսիոնալ կադրերի շնորհիվ:

«Մեր նպատակն է` շարունակել գյուղատնտեսության, որպես տնտեսության կարևոր ոլորտի, զարգացման աջակցությունը: Սակայն մենք բանկի հետ միասին որոշել ենք ընդլայնել վարկավորման ոլորտները` սոցիալական և էներգետիկ ուղղվածություններ ունեցող ծրագրերի հաշվին», - նշեց նա:

Proparco-ի առաքելությունն է զարգացող երկրներում մասնավոր ներդրումների աջակցությունը` աճի աջակցության, կայուն զարգացման և հազարամյակի նպատակների իրականացման նպատակով: Ընկերությունը ֆինանսավորում է տնտեսապես կենսակայուն, սոցիալապես արդար, էկոլոգիապես կայուն և ֆինանսական տեսանկյունից շահութաբեր ներդրումները: Proparco-ի ներդրումների աշխարհագրությունը ներառում է չորս մայրցամաք, մասնավորապես` զարգացող և աղքատ երկրները:

2016 թ.–ի 9 ամսվա արդյունքում Ամերիաբանկի ակտիվները կազմել են 524,1 մլրդ դրամ (տարեսկզբից 1,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 462,3 մլրդ դրամ (1,27 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 61,7 մլրդ դրամ (4,13 տոկոսի աճ): Բանկի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,5 մլրդ դրամ։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ($1 - 479,40 դրամ). -0-