ԱՄՆ–ի կողմից նոր մաքսատուրքերի ներդրումը կարող է անուղղակի հետևանքներ ունենալ Հայաստանի վրա․ ֆինանսների նախկին նախարար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մի շարք երկրների, այդ թվում ՝հայկական տնտեսության համար ԱՄՆ–ի կողմից ներդրված նոր մաքսատուրքերը կարող են Հայաստանի վրա ազդել անուղղակի կերպով, ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Arka Business» հաղորդման ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հայելային մաքսատուրքեր է ներդրել 183 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից ներկրվող ապրանքների վրա։ Հայաստանի նկատմամբ ներդրվել է 10% մաքսատուրք։
«Այս իրավիճակը մեզ վրա ուղղակի ազդելու է գրեթե ոչ էական, անուղղակի՝ կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա միջազգային կոնյուկտուրայում։ Եթե ամբողջ աշխարհում տեղի ունենա պահանջարկի նվազում, գների աճ, անուղղակի ճանապարհներով մեզ վրա դա, իհարկե, կազդի։ Բայց ինչ չափով, ինչ ժամանակահատվածում, դա դեռևս հարց է։ Եվ որևիցե մեկը դրան դեռ հստակ չի կարող պատասխանել», – ասաց Արամյանը։
Պատասխանելով այն հարցին, թե որքան զգալի կլինի հայկական արտահանողների համար ներդրված 10% մաքսատուրքը՝ ֆինանսների նախկին նախարարը նշեց, որ եթե 2024թ․–ին Հայաստանի արտահանումը եղել է շուրջ 13 մլրդ դոլար և եթե հանենք Էմիրատներ գնացած վերարտահանումը, այդ ցուցանիշն առնվազն կազմում է 6–7 մլրդ դոլար։
«Մենք պետք է հաշվի առնենք, որ դեպի Միացյալ Նահանգներ արտահանումը շատ չնչին է, ընդամենը 58 մլն դոլար։ Հիմա պատկերացրեք դա բերի 30%–անոց կամ նույնիսկ 60%–անոց անկում։ Ենթադրենք 58 միլիոնը դառնա 29 միլիոն դոլար։ Ի՞նչ է դա տալու բացասական կամ դրական առումով 13 մլրդ դոլարանոց արտահանման մեջ։ Իրականում եթե դեպի Ռուսաստան վերարտահանման մասն էլ մաքրենք, որովհետև կան նաև հոսքեր, որոնք մեր մոտից գնում են դեպի Ռուսաստան, մենք առնվանզ ունենք մինչև 4մլրդ դոլարի արտահանում։ Եվ 4 միլիարդը որտեղ, 58 միլիարդը որտեղ․․․», – ասաց նա։
Այս կապակցությամբ փորձագետը նշեց, որ պետք չէ շտապել դատողությունների հարցում, Հայաստանի վրա մաքսատուրքերի դրական կամ բացասական ազդեցության և էական տնտեսական հետևանքների առումով։
Արամյանը նաև կարծում է, որ անկախ ամեն ինչից՝ Հայաստանի կառավարությունը պետք է ջանքեր գործադրի հայրենական արտահանողներին օժանդակելու համար։
«Եվ դա ես 2022 թվականից եմ ասում, որովհետև այդ դրական շոկը, որը մենք ունեցանք, ակնհայտ էր, որ բերելու էր մեր իրականում արտահանելի հատվածի «խեղդման», և մենք դա տեսնում ենք։ Մենք տեսնում ենք, որ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ ավելի համեստ են աճում, իրենց կշիռներով ՀՆԱ–ի մեջ փոքրանում են, բայց ոչ արտահանելի հատվածը մեծանում է», – ավելացրեց նա։
Հայաստանի ազգային վիճակագրային կոմիտեի տվյալներով, ԱՄՆ–ի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ․–ին կազմել է գրեթե 410,6 մլն դոլար՝ 2023թ․–ի համեմատ գրանցելով 38,7% –ի անկում։ ԱՄՆ իրականացվող հայկական ապրանքնենրի արտահանումը կազմել է մոտ 58,9 մլն դոլար (աճը՝ 21,5%), իսկ ներկրումը արտահանող երկիրը՝ ավելի քան 351,6 մլն դոլար (անկումը՝ 43,4%)։
Ամբողջական հարցազրույցը՝ «ԱՌԿԱ» գործակալության YouTube–յան ալիքում։