Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխությունները կարող են ոտնահարել Հայաստանի կանանց իրավունքները. Մակարյան

29.10.2014, 17:29
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխությունները կարող են ոտնահարել Հայաստանի կանանց իրավունքները. Մակարյան
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխությունները կարող են ոտնահարել Հայաստանի կանանց իրավունքները. Մակարյան
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի փոփոխությունները կարող են ոտնահարել Հայաստանի  կանանց` որպես աշխատողների իրավունքները, քանի որ գործատուներն աշխատողներին աշխատանքի ընդունելիս կարող են նախընտրել տղամարդկանց, հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Սոցիալական ապահովման պետական ծառայությունը շրջանառության մեջ է դրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի մասին» օրենքի լրացումների նախագիծը, որի համաձայն, առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստ։ Օրենսդրական փոփոխություններով ենթադրվում է ընդլայնել պետբյուջեից նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Մասնավորապես, 2016 թվականից ծրագրվում է նաև նպաստ տրամադրել չաշխատող մայրերին հղիության և ծննդաբերության արձակուրդի 140–օրյա ժամանակահատվածի համար (գործող օրենսդրությամբ, նպաստ է տրվում միայն աշխատող կանանց)։ Ենթադրվում է հաշվարկել չաշխատող կանանց մայրական նպաստը` ելնելով ամսական նվազագույն աշխատավարձից (50 հազար դրամ)։ Այդ նպատակների համար ծրագրվում է արդեն 2016 թվականին լրացուցիչ հատկացնել 8 մլրդ դրամ։

«Սոցիալական ապահովության նախարարությունը լրացումները բացատրում է նրանով, որ մի շարք չարաշահումներ են գրանցվել, երբ կանանց դեկրետից առաջ բարձր աշխատավարձով աշխատանքի են ձևակերպել։ Այդ կապակցությամբ մի շարք ստուգումներ են կատարվել գործատուների և աշխատողների շրջանում»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մակարյանը։

Ըստ նրա` այդ փոփոխությունների ընդունումը նաև կարող է բացասական ազդեցություն գործել Հայաստանի ներդրումային ֆոնի վրա, քանի որ սոցիալական բողոքների և արտագաղթի նոր ալիք կբարձրացնի։ Կարող է ավելանալ նաև տնտեսության ստվերային հատվածը, քանի որ գործատուները կարող են չգրանցել հղի կանանց։

Լրացումների նախագծով նախատեսվում է 2015 թվականից կրճատել աշխատող կանանց տրվող նպաստը` կախված աշխատանքային ստաժից։ Այսպես, նույն աշխատավայրում մինչև մեկ տարվա ստաժ ունենալու դեպքում նպաստը կկազմի աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարվա դեպքում` 60 տոկոսը, իսկ ավելի քան 3 տարվա դեպքում` աշխատավարձի 80 տոկոսը։ Նաև հաստատվում է սահմանափակման վերին նշաձողը, որի համաձայն, հղիության և ծննդաբերության նպաստի գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի հնգապատիկը։

Մակարյանի խոսքով` կանայք առանց այդ էլ խոցելի վիճակում են աշխատաշուկայում, կանանց թվում գործազուրկների տոկոսն ավելի բարձր է։ Եվ դա այն դեպքում, որ Հայաստանում բարձրագույն կրթությամբ կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։

«Սոցապնախարարությունը լրացումների անհրաժեշտությունը բացատրում է չաշխատող մայրերի համար ֆոնդի ստեղծմամբ։ Ես դեմ չեմ, որ չաշխատող մայրերը նպաստ ստանան, ես դեմ եմ, որ դա արվի աշխատող մայրերի հաշվին»,– ասաց Մակարյանը։

Նրա կարծիքով` լրացումները մինչև վերջ մշակված և հիմնավորված չեն, դրանք առաջացնում են ինչպես գործատուների, այնպես էլ ողջ հասարակության դժգոհությունը։ Ճիշտ չէ նաև այն, որ նպաստներ հաշվարկելիս հաշվվում է ոչ թե ընդհանուր ստաժը, այլ վերջին աշխատատեղում աշխատանքային ստաժը։

Սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, մոտ 13 հազար կին տարեկան հղիության և ծննդաբերության նպաստ են ստանում, իսկ փոփոխությունների ընդունումից հետո նպաստ կստանա տարեկան ևս մոտ 30 հազար կին։ Նախարարությունում նշում են, որ, հաշվի առնելով այն փաստը, որ մինչև 2016 թվականն ամսական միջին աշխատավարձի չափը կկազմի 80 հազար դրամ, չաշխատող կինը կստանա մոտ 365 հազար դրամ (մաքուր` մոտ 274 հազար դրամ)։ ($1 – 411,55 դրամ)։ –0—