Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում արագության գերազանցման համար նախատեսված տուգանքների վերանայման հիմք է դարձել խախտումների վիճակագրությունը

17.06.2014, 19:50
Հայաստանում արագության գերազանցման համար նախատեսված տուգանքների վերանայման հիմք են դարձել 2013 թ.–ի վիճակագրության տվյալները, հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը։
Հայաստանում արագության գերազանցման համար նախատեսված տուգանքների վերանայման հիմք է դարձել խախտումների վիճակագրությունը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արագության գերազանցման համար նախատեսված տուգանքների վերանայման հիմք են դարձել 2013 թ.–ի վիճակագրության տվյալները, հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը։

Նա պարզաբանեց, որ վիճակագրական տվյալների համաձայն` արագության գերազանցման 324 487 դեպքերից խախտողների 79,3 տոկոսն արագությունը գերազանցել է 1–5կմ/ժ–ով։

ՀՀ կառավարությունը երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ հավանության է արժանացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։

Մկրտչյանի խոսքերով` նոր օրինագծում  1–10 կմ/ժ–ով սահմանված արագության գերազանցման համար նախատեսված տուգանքի չափը կազմում է 1 կմ–ի դիմաց 1000 դրամ` նախկին 10 000 դրամի փոխարեն, 11–30 կմ/ժ–ով գերազանցման դեպքում` 1500 դրամ` գործող 30 000 դրամի փոխարեն։
 
«31-50 կմ/ժ, 51-81 կմ/ժ և 81 կմ/ժ-ով արագության գերազանցումը կպատժվի ավելի խիստ, քան նախկինում, տուգանքը կկազմի, համապատասխանաբար, 100 հազար, 200 հազար և 500 հազար դրամ` ավելի վաղ նախատեսված 50 հազարի և 70 հազարի փոխարեն», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մկրտչյանը։

Փոխնախարարն անդրադարձավ նաև առանց վարորդական իրավունքի և այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցը վարելու համար նախատեսված տուգանքի չափի փոփոխությանը, որն այժմ կազմում է 3000 դրամ` նախկին 5000 դրամի փոխարեն։

«Կարևոր փոփոխությունների մեկը կվերաբերի 30 օրվա ընթացքում տուգանքները չվճարելու տույժին։ Գործող օրենքի համաձայն` նշված ժամանակահատվածի ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում գումարը եռապատկվում էր, իսկ 60 օրից հնգապատկվում էր։ Նոր օրինագծի համաձայն` տուգանքը ավելանում է, համապատասխանաբար, 25 և 50 տոկոսով», – ասաց նա։

Նա նաև ընդգծեց, որ հասարակության համար վտանգ ներկայացնող խախտումներն այժմ պատժվելու են ավելի լուրջ տուգանքներով։ Այսպես, մեքենա վարելիս ծխելու համար հասարակական տրանսպորտի վարորդները կտուգանվեն 20 հազար դրամով, այլ ոչ թե 5 հազար դրամով։ Երթևեկելի հատվածում երթևեկության անօրինական սահմանափակման համար ֆիզիկական անձինք կտուգանվեն 10 000 դրամով (նախկինում գործող 50 հազար դրամի փոխարեն), իսկ պաշտոնատար անձանց դեպքում բացի 50 հազար դրամից, կառգրավվեն նաև երթևեկությունը սահմանափակող միջոցները։

Վարորդների իրավունքները պաշտպանող ՀԿ–ների ներկայացուցիչները դրական են գնահատում օրինագիծը` նշելով, սակայն, որ նրանց ոչ բոլոր առաջարկներն են հաշվի առնվել ($1 – 411,51 դրամ). -0-