Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ հիմնանորոգման համար Ռուսաստանից վարկ ստանալու և փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չկան

18.06.2015, 20:40
Հայկական ատոմային էլեկտրակայանի հիմնանորոգման համար Ռուսաստանից վարկեր ստանալու, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ չկան, հաղորդում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։
Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ հիմնանորոգման համար Ռուսաստանից վարկ ստանալու և փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չկան

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. ԱՌԿԱ/. Հայկական ատոմային էլեկտրակայանի հիմնանորոգման համար Ռուսաստանից վարկեր ստանալու, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ չկան, հաղորդում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։

«Մամուլում շրջանառվող լուրերը, թե «որոշակի խնդիրներ են ծագել հայկական գործող ատոմակայանի հիմնանորոգման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման գործընթացում», իրականությանը չեն համապատասխանում»,– ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Նախարարությունը հավաստիացնում է, որ հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու գործընթացը իրականացվում է ժամանակացույցին համապատասխան:

Ավելին,  ՌԴ կառավարության կողմից այդ աշխատանքների համար տրամադրված 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի ստացման հետ կապված խնդիրներ չկան:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, փաստաթղթային գործընթացին զուգահեռ արդեն իսկ ընթացքի մեջ է ՀԱԷԿ-ի հիմնանորոգման ծրագրի առաջին՝ սարքավորումների վիճակի գնահատման փուլը, որն իրականացնում են ատոմակայանի և «Ռուսատոմ Սերվիսի» մասնագետները

Հայ պատգամավորները մայիսի 5–ին հավանություն են տվել Ռուսաստանի հետ Հայկական ԱԷԿ–ի շահագործման ժամկետի երկարացման և այդ նպատակով վարկային և դրամաշնորհային ռեսուրսների տրամադրման հետ կապված երկու համաձայնագրերի ստորագրմանը։ Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ Վարկային միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով, 5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով և տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։ Միաժամանակ, նախատեսվում է նաև ռուսական ռուբլով վարկի տրամադրման հնարավորություն։

ԱԷԿ–ի շահագործման ժամկետի` մինչև 2026 թվականը երկարացնելու մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերին։

Տարածաշրջանում հայկական միակ ԱԷԿ–ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Ներկայում գործում է ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ միայն երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականներով, ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016 թվականը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ այդ ԱԷԿ–ի աշխատանքը պետք է դադարեցվի։

1000 ՄՎտ հզորությամբ Հայկական ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցումը ծրագրվում է սկսել 2018-2019 թվականներին։ Պակասող միջոցները ծրագրվում է մարել տարբեր երկրների ֆինանսական օժանդակության միջոցով։ -0-