Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի բնակչության ավելի քան 40%–ն ապրում է աղքատության շեմից ներքև. հարցում

17.10.2014, 16:38
Աղքատության շեմից ներքև ապրում է Հայաստանի բնակչության 42 տոկոսը, հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով 2013 թվականին անցկացված սոցիալական հարցման տվյալները։
Հայաստանի բնակչության ավելի քան 40%–ն ապրում է աղքատության շեմից ներքև. հարցում
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աղքատության շեմից ներքև ապրում է Հայաստանի բնակչության 42 տոկոսը, հայտնեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` ներկայացնելով 2013 թվականին անցկացված սոցիալական հարցման տվյալները։

Նա միաժամանակ նշեց, որ այս տարի նմանատիպ հարցումներ առայժմ չեն անցկացվել։

«Աղքատ են համարվում նրանք, ովքեր ապրում են օրական 2 դոլարից պակաս  գումարով։ Դրանք ՄԱԿ–ի սահմանած աղքատության չափանիշներն են։ Համապատասխանաբար` օրական 1 դոլարից պակաս գումարով ապրողները համարվում են ծայրահեղ աղքատ»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Ադիբեկյանը։

Ըստ նրա գնահատականի` Հայաստանի աղքատ բնակչության ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը ծայրահեղ աղքատ են։ Միաժամանակ, աղքատության շեմից ներքև ապրող անձանց կեսն են իրենց այդպիսի համարում։ Սոցիոլոգի կարծիքով` դա մարդկանց յուրահատուկ հոգեբանական պաշտպանական արձագանքն է։

«Հայաստանի բնակչության 13 տոկոսը հարուստ մարդիկ են։ Ճիշտ է, նրանց միայն 2 տոկոսն է իրեն հարուստ համարում։ Այսպիսով, համեստ ապրողին կամ, այսպես կոչված, միջին խավին բաժին է ընկնում ավելի քան 40 տոկոսը»,– ասաց Ադիբեկյանը։

Ադիբեկյանը նշեց, որ հայ հասարակության հիմնական խնդիրն այն է, որ ավելի հաճախ արտագաղթում են հենց միջին դասի ներկայացուցիչներ։ «Այսպիսով` հայ հասարակությունն ավելի է բևեռացվում` բաժանվելով հարուստների և աղքատների»,– ասաց նա։

Ըստ նրա` մեկ այլ խնդիր էլ այն է, որ հայ ընտանիքների մոտ 17 տոկոսն ապրում է ոչ թե վաստակածով, այլ փոխանցումների հաշվին։

«Հայաստանի 300 հազար երեխաներ ապրում են առանց հայրերի, քանի որ վերջիններն արտերկրում են գտնվում։ Դա կհանգեցնի ամենաբացասական հետևանքների հետագայում»,– կարծում է սոցիոլոգը։

Կենտրոնական բանկի տվյալներով` հանրապետության բանկային համակարգով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով ստացված մասնավոր փոխանցումները 2014 թվականի հունվար–օգոստոսին կազմել են ավելի քան 1 153.3 մլն դոլարի միջոցներ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.2 տոկոսով։

Հայաստանի ֆինանսների նախարարության վերջին տվյալների համաձայն` 2013 թվականին երկրի աղքատության մակարդակը կազմում էր 32.1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը` բնակչության ընդհանուր թվի 2.7 տոկոսը, ընդ որում աղքատության շեմը ամսական 37 468 դրամ եկամուտն էր։  
 
Միաժամանակ, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Աղքատություն և Հայաստանի սոցիալական համայնապատկեր. 2013» զեկույցի համաձայն` Հայաստանում աղքատության մակարդակը 2012 թվականին կազմել է 32.4 տոկոս` 2008 թվականի համեմատ ավելանալով 17.4 տոկոսով։ ($1 – 409,49 դրամ)։ -0-