Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱԶԲ–ն ՍՊԱՅԿԱ–ի հետ ջերմոցային ընդյալնմանն ուղղված վարկային համաձայնագիր է ստորագրել

02.03.2018, 16:02
Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) ուրբաթ  ստորագրել է 32 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:
 ԱԶԲ–ն ՍՊԱՅԿԱ–ի հետ ջերմոցային ընդյալնմանն ուղղված վարկային համաձայնագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) ուրբաթ ստորագրել է 32 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՍՊԱՅԿԱ–ն Հայաստանում սննդամթերք արտադրող և արտահանող առաջատար ընկերություններից մեկն է: Վարկի նպատակն է` օժանդակել ընկերությանը ջերմոցային գործառնությունների ընդլայնման և արտահանման ծավալների ընդլայնման գործում:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, պայմանագիրը ստորագրել են ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը և «ՍՊԱՅԿԱ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը Երևանում տեղի ունեցած արարողության ընթացքում:

Ռոզենթալի խոսքով, գյուղատնտեսությունը մեծ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսության մեջ՝ կազմելով երկրի համախառն ներքին արդյունքի 16%-ից ավելին, երկրի արտահանման ծավալների մեկ քառորդը, որն աշխատատեղեր է ապահովում երկրի աշխատուժի մեկ երրորդի համար։

«Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը «ՍՊԱՅԿԱ»-ի հետ ոչ միայն կնպաստի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի հզորացմանը, այլև աշխարհին կներկայացնի Հայաստանի արտադրանքը որպես միջազգային կարգի արտադրանք»,– ասել է նա։

Ծրագիրը թույլ կտա ընդլայնել «ՍՊԱՅԿԱ» ընկերության գործունեությունը մասնավորապես գյուղատնտեսության և մատակարարման շղթայի կառավարման ոլորտներում՝ զարգացնելով 30 հեկտար տարածք զբաղեցնող վերահսկվող կլիմայական պայմաններով ջերմոցներ, որոնք հագեցված են կաթիլային ոռոգման համակարգերով և արտադրելու են լոլիկ ու բուլղարական պղպեղ: Արտադրանքն արտահանվելու է մասնավորապես ՌԴ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա համապատասխանում է կառավարության նպատակին՝ բարձրացնել Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականությունը կլիմայի փոփոխության ռիսկերի համատեքստում՝ միևնույն ժամանակ ամբողջովին օգտագործելով ընկերության ներկայիս մատակարարման շղթան և հաճախորդների ցանցը:

«ԱԶԲ-ի տրամադրած վարկը կենսական նշանակություն ունի «ՍՊԱՅԿԱ» ընկերության զարգացման ռազմավարության համար: Ժամանակակից, կլիմայի փոփոխության նկատմամբ ճկուն նոր տեխնոլոգիական լուծումները տարածաշրջանում առաջին անգամ կօգտագործվեն, ինչը կօգնի խնայել էլեկտրաէներգիան և ջրային ռեսուրսները», - ասել է պարոն Ղազարյանը: «Այս վարկի օգնությամբ երկրում կստեղծվեն լրիվ հաստիքով հարյուրավոր աշխատատեղեր»:

Ըստ հաղորդագրության, ակնկալվում է, որ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում 30 հեկտար զբաղեցնող, կլիմայական պայմանների վերահսկմամբ ջերմոցներում լոլիկի և բուլղարական պղպեղի տարեկան արտադրությունը կհասնի 10 միլիոն կիլոգրամի (կգ) և 2 միլիոն կգ համապատասխանաբար: Ծրագիրը նաև կօգնի ամրապնդելու Հայաստանի դիրքերը՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի հզոր արտադրող և արտահանող, և կնպաստի կառավարության՝ մասնավոր հատվածում աշխատատեղեր ստեղծելու նպատակի իրականացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի ընթացքում կստեղծվեն լրիվ դրույքով 275 նոր աշխատատեղեր:

2001թ.-ին հիմնադրված «ՍՊԱՅԿԱ» ընկերությունը Հայաստանում սննդամթերքի առաջատար արտադրող, վերամշակող, արտահանող և լոգիստիկ ընկերություններից մեկն է: Ընկերության մատակարարման շղթան ընդլայնվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՊՀ-ի այլ երկրներ և Եվրոպայի որոշ հատվածներ: Ընկերությունը զբաղվում է նաև գյուղատնտեսական արտադրանքի, կաթնամթերքի, պահածոների մեծ տեսականու, փաթեթավորման արտադրության և փոխադրամիջոցների ծառայությունների վաճառքով, ներկայումս ունի 1173 աշխատող, որոնցից 60%-ը կանայք են, և արտադրանք է մթերում շուրջ 5000 ֆերմերներից Հայաստանում:

ԱԶԲ-ն, որի գլխամասը տեղակայված է Մանիլայում, իր ջանքերն ուղղում է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանումաղքատության նվազեցմանը` ներառական տնտեսական աճի, շրջակա միջավայրին չվնասող կայուն զարգացման և տարածաշրջանային ինտեգրման միջոցով: Բանկը հիմնադրվել է 1966 թվականին, և նշում է տարածաշրջանում զարգացման գործընկերության 50-ամյակը: Այն պատկանում է 67 անդամ երկրների, որոնցից  48-ը այս տարածաշրջանից են: 2016 թվականին ԱԶԲ-ի կողմից տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 31,7 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ 14 մլրդ ԱՄՆ դոլար համաֆինանսավորման ծրագրերում:

ԱԶԲ-ն աշխատում է Հայաստանի կառավարության հետ 2005թ.-ից ի վեր և հաստատել է 1.27 մլրդ դոլարի 26 վարկ և 16.5 մլն դոլարի 26 տեխնիկական աջակցության դրամաշնորհներ: –0–