Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների գների բարձրացման է հանգեցրել. թերթ

02.07.2012, 18:07
Ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների գների բարձրացման է հանգեցրել, գրում է «Հայոց աշխարհ» թերթը: Ըստ հոդվածագրի, անցած երկու ամսում Հայաստանում ամերիկյան արժույթն արժևորվել է ավելի քան 5 տոկոսով (դրամի հարաբերությամբ թանկացել է 25-26 նիշով):
Ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների գների բարձրացման է հանգեցրել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ազգային արժույթի թուլացումը որոշ ներմուծվող ապրանքների գների բարձրացման է հանգեցրել, գրում է «Հայոց աշխարհ» թերթը: Ըստ հոդվածագրի, անցած երկու ամսում Հայաստանում ամերիկյան արժույթն արժևորվել է ավելի քան 5 տոկոսով (դրամի հարաբերությամբ թանկացել է 25-26 նիշով):

«Տարեսկզբի համեմատ տարբերությունը գրեթե 35 կետ է, ինչը բնականաբար չէր կարող ազդեցություն չունենալ ներմուծվող ապրանքների գների վրա»,- գրում է թերթը՝ նշելով, որ «չնայած դրան, ինչպես նախորդ, այնպես էլ այս ամիս վիճակագրական ծառայությունը սպառողական գների էական փոփոխություններ չի արձանագրել»:

Ավելին՝ նախորդ ամսվա համեմատ նույնիսկ գնանկում է գրանցվել: Իսկ 12 ամսյա գնաճը Հայաստանում եղել է ընդամենը 0,7 տոկոս: Վիճակագրության տվյալներով՝ տարեսկզբի համեմատ առկա է գնանկումային իրավիճակ: Վիճծառայությունը հունիսին մայիսի համեմատ արձանագրել է պարենային ապրանքների գների  2,8 տոկոս նվազում: Դոլարի ամրապնդման պայմաններում այս ցուցանիշը բավականին տարօրինակ կարող է թվալ:

Թերթը գրում է, որ ցուցանիշների հարաբերական լինելը մեծապես պայմանավորված է ներքին տնտեսությունից թելադրված մի շարք ապրանքային շուկաներում տեղի ունեցող սեզոնային դրսևորումներով:

Մեծ է եղել հատկապես բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում ընդգրկված գյուղմթերքների գների նվազումը:
Հունիսին այս ապրանքախմբում գներն ավելի քան 26 տոկոսով ցածր են եղել: Նվազել են կանաչ լոբու, կանաչ պղպեղի, վարունգի, լոլիկի, կաղամբի, կարտոֆիլի և մի շարք այլ գյուղմթերքների գները:

Հանգամանքներն այլ կերպ են դասավորվել ներմուծվող պարենային ապրանքների դեպքում: Այստեղ է, որ զգացվել է դոլարի թանկացման ազդեցությունը:

Հունիսին վիճծառայությունը թանկացման երևույթներ է գրանցել կենդանական ու բուսական յուղերի, հացամթերքի, մսամթերքի շուկաներում: Մասնավորապես, հալած յուղը թանկացել է 2,3, կարագը՝ 2,7, մարգարինը՝ 3,7 տոկոսով: Բարձրացել են նաև բրնձի, ոլոռի, սիսեռի գները: Գնաճային դրսևորումներ են եղել նաև ալյուրի շուկայում: Բարձր տեսակի ալյուրը թանկացել է 2,3 տոկոսով:

Թանկացել է նաև ներմուծվող մսամթերքը: Հավի բդի դեպքում գնաճը հունիսին կազմել է 4,1 տոկոս:

«Այսպիսով կարելի է ասել, որ չնայած վիճծառայությունը հունիսին Հայաստանում արձանագրել է գնանկում՝ պայմանավորված բացառապես ներքին գյուղատնտեսության ոլորտից թելադրված սեզոնային գործոններով, այնուհանդերձ, ներմուծվող բազմաթիվ ապարանքային շուկաներում, դոլարի թանկացման հետևանքով, առկա են գնաճային ճնշումներ, որոնք, ըստ էության, առաջիկայում ավելի առարկայական տեսք կստանան»,- գրում է թերթը:--0-