Բանան ներմուծող ընկերությունների` շուկա մտնելու համար խոչընդոտ չկա. կարգավորիչ
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խոչընդոտներ չի տեսնում, որ երկրի շուկայում բանանի ներկրման նպատակով ընկերություններ հայտնվեն, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Մի քանի տարիների ընթացքում Հայաստանում բանանի ներկրմամբ զբաղվում էր առավելապես «Քեթրին գրուպ» ընկերությունը։
Ըստ նրա, բանանի շուկան հակամենաշնորհային հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է, որն արդեն մի քանի անգամ ուսումնասիրություններ է իրականացնում, և այս պահին կրկին մոնիթորինգ է իրականացվում։
«Կարող եմ ասել, որ այս պահին շուկայում այլ ներկրող ընկերությունների համար խոչընդոտներ չկան։ Չկա մրցակցության սահմանափակում, և եթե կան տնտեսվարող սուբյեկտներ, որ կարող են ավելի էժան ապրանք ներմուծել այլ երկրներից, ապա նրանց գործունեության համար արգելք չկա»,– ասաց Շաբոյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ ՏՄՊՊՀ–ին չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ կապված անձանց կարգավիճակը, այլ միայն ընկերության գործունեությունը և շուկայի հասանելիությունը։
Նրա խոսքով, հայկական շուկայում հիմնական մատակարարը «Քեթրին գրուպն» է, և եթե լինեն ներկրողներ, որոնք կարողանան ավելի էժան ապրանք ներմուծել, ապա նրանք հանգիստ կարող են շուկա մտնել, իսկ եթե բախվեն խոչընդոտների հետ, ապա Հանձնաժողովը պատրաստ է դիտարկել նրանց հարցումը։
Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալներով, 2014 թվականին Հայաստան է ներկրվել (9 106.8 հազար դոլարի) 12 057.6 տոննա բանան 2013 թվականի (11 090.7 հազար դոլարի) 9886.1 տոննայի դիմաց։ -0-