Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանից ավելի քան 40 հազար տոննա պտուղ-բանջարեղենային կուլտուրաներ, խաղող և կարտոֆիլ է արտահանվել տարվա ընթացքում

07.11.2014, 18:23
Հայաստանից պտուղ-բանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի արտահանման ծավալը 2014 թ.-ի նոյեմբերի 7-ի դրությամբ կազմել է 40245 տոննա, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Հայաստանից ավելի քան 40 հազար տոննա պտուղ-բանջարեղենային կուլտուրաներ, խաղող և կարտոֆիլ է արտահանվել տարվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ,  7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանից պտուղ-բանջարեղենի, խաղողի և կարտոֆիլի արտահանման ծավալը 2014 թ.-ի նոյեմբերի 7-ի դրությամբ կազմել է 40245 տոննա, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Հայաստանից արտահանվել է 12717 տոննա պտուղ, որոնց թվում՝ 5605 տոննա խաղող, 2964 տոննա դեղձ, ինչպես նաև 6946 տոննա բանջարեղեն և 20582 տոննա կարտոֆիլ», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մակարյանը:

Նրա խոսքերով՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է մոտ 47327 տոննա պտուղ-բանջարեղենային կուլտուրա, խաղող և կարտոֆիլ, իսկ պտուղ-բանջարեղենային կուլտուրաների և կարտոֆիլի արտահանման ընդհանուր ծավալը 2013 թ.-ին կազմել է 64505 տոննա:

«2014 թ.-ին արտահանման ծավալների կրճատումը բացատրվում է ծիրանի պակաս բերքատվությամբ, քանի որ թարմ պտուղ-բանջարեղենային կուլտուրաների արտահանման ընդհանուր ծավալում ծիրանի տեսակարար կշիռը 2013 թ.-ին կազմել է 36 տոկոս», - ասաց Մակարյանը:

Նա նշեց, որ 2014 թ.-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աջակցմանն ու խթանմանը: Կազմակերպվել են մի շարք քննարկումներ, և ավելի քան 150 վերամշակող և արտահանող ընկերությունների առաջարկվել է Ռուսաստան գործուղել իրենց ներկայացուցիչներին, որպեսզի տեղում բացահայտվեն ապրանքների պահանջարկի ծավալներն ու պայմանագրեր կնքվեն:

«Սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած պարենային ապրանքների ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել էր ավելի քան 30 հայկական ագրոընկերությունների արտադրանք: Առանձնահատուկ պահանջարկ էր վայելում հայկական պանիրը»,- ասաց Մակարյանը:

Մակարյանի կարծիքով՝ Ռուսաստանում հայկական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության ավելացմանն ուղղված մեկ այլ միջոցառում է դարձել «Ոսկե աշուն 2014» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 8-11-ը: Ցուցահանդեսին մասնակցել է 11 հայկական ընկերություն:  

«Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Ցուցահանդեսի աշխատանքին մասնակցել է հայկական պատվիրակությունը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ, ով հանդիպել է Ռուսաստանի վարչապետի և գյուղատնտեսության նախարարի հետ», - ասաց Մակարյանը:

Նա տեղեկացրեց, որ քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանից դեպի Ռուսաստան սննդամթերքի արտահանմանը:-0-