Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Bank of America-ն նկատել է ռուսական տնտեսության վերականգնման նշաններ

28.09.2015, 10:40
Bank of America–ն սկսում է տեսնել ռուսական տնտեսության վերականգնման նշաններ, գրում է Bloomberg–ը` հղում անելով Մոսկվայում բանկի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկու հաշվետվությունը։
Bank of America-ն նկատել է ռուսական տնտեսության վերականգնման նշաններ
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Bank of America–ն սկսում է տեսնել ռուսական տնտեսության վերականգնման նշաններ, գրում է Bloomberg–ը` հղում անելով Մոսկվայում բանկի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկու հաշվետվությունը։

Նրա տվյալներով` կապիտալի ներդրումների աճի դանդաղեցման հետ իրավիճակը փոխվում է, իսկ կորպորացիաների շահույթներն աճում են, ինչը կարող է «շրջադարձային պահ» դառնալ։ Ինչպես նշում է ՌԲԿ–ն, Օսակովսկու հաշվետվությունում ասվում է, որ Ռուսաստանում տնտեսական անկումը, ամենայն հավանականությամբ, ընդհատակի է հասել, երբ երկրի ՀՆԱ–ն երկրորդ եռամսյակում անկում է ապրել 4,6 տոկոսով։

Հաշվի առնելով այն, որ ընկերությունների ծախսերը, ամենայն հավանականությամբ, կնպաստեն տնտեսական վերականգնմանը, նման կայունացումը, ընդհանուր առմամբ, ավելի կարևոր կլինի տնտեսության համար, քան թույլ մնացող սպառողական պահանջարկը, նշվում է հաշվետվությունում։

«Ռուսաստանում տարեկան կտրվածքով կորպորացիաների եկամուտները բավական բարձր են, և մենք ակնկալում ենք, որ կորպորացիաների եկամուտների շարունակվող աճը մոտ ապագայում կդառնա տնտեսության վերականգնման և կայունացման գլխավոր գործոնը»,– մեջբերում է գործակալությունը Օսակովսկու մեկնաբանությունը։

Նա հավելել է, որ հիմնական մակրոտնտեսական ինդիկատորները կարող են սկսել փոխվել դեպի լավն արդեն այս տարի։ Սակայն, ամենայն հավանականությամբ, հարկ կլինի սպասել, մինչև կորպորացիաների եկամուտների աճը բերի ներդրումների աճի։

Անցած շաբաթ Ռուսաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Քսենիա Յուդաևան հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունում անկումը կերկարի ևս մի քանի եռամսյակ։ Նրա խոսքով` տնտեսական աճի վերադառնալու համար անհրաժեշտ են կառուցվածքային ձևափոխումներ` ուղղված աշխատաշուկայում և ապրանքային շուկաներում ճկունության բարձրացմանը, ինչը թույլ կտա արագ ուղղորդել ռեսուրսներն աճի նոր կետեր։

Ավելի վաղ ՌԴ ֆինանսների փոխնախարար Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ 2016թ.–ի առաջին եռամսյակից շուտ Ռուսաստանի տնտեսությունն աճի չի վերադառնա։ Փոխնախարարի խոսքով` տնտեսական աճի վերականգնման մասին նախկին կանխատեսումների իրագործմանը 2015թ.–ին խանգարում են նավթի ցածր գները։-0-