Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թ.–ին զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա. ԿԲ նախագահ

26.05.2014, 14:15
Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը, որը ղեկավարվում է պակասուրդի մակարդակի հետևողական նվազման և պետական պարտքի կայունության ապահովման սկզբունքներով, 2013 թ.–ին զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա, երկուշաբթի ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով նախորդ տարվա բյուջեի կատարողականը։

Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը 2013 թ.–ին զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա. ԿԲ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականությունը, որը ղեկավարվում է պակասուրդի մակարդակի հետևողական նվազման և պետական պարտքի կայունության ապահովման սկզբունքներով, 2013 թ.–ին զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա, երկուշաբթի ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելով նախորդ տարվա բյուջեի կատարողականը։

«Միաժամանակ եկամուտների գծով զսպող ազդակ է ձևավորվել, իսկ ծախսերի գծով` ընդլայնող», – ասել է Ջավադյանը։

Նա նշել է, որ 2012 թ.–ին գրանցված տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակվել են 2013 թ.–ի առաջին եռամսյակում, իսկ երկրորդ եռամսյակից տնտեսական ակտիվությունը զգալիորեն դանդաղել է, ինչը պայմանավորված էր արտաքին և ներքին մակրոտնտեսական միջավայրում ռիսկերի ազդեցությամբ։

Հայաստանում ընթացող հիմնական մակրոտնտեսական գործընթացները, նրա խոսքերով, ընդհանուր առմամբ պայմանավորված էին համաշխարհային տնտեսության զարգացման` սպասվածից ավելի դանդաղ տեմպերով, Հայաստանում ընդհանուր ներդրումների նվազմամբ, զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ, որն ուղղված է պարտքի կայունությանը, ինչպես նաև էներգակիրների սակագների բարձրացման բացասական հետևանքներով։

«Միաժամանակ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը հանգեցրել է մի կողմից տարբեր ոլորտներում գործող ձեռնարկությունների ծախսերի բարձրացման և ներդրումների համար նախատեսված միջոցների կրճատման։ Մյուս կողմից, գների ընդհանուր բարձրացման միջոցով նվազել են իրական սպառման ծավալները` հանգեցնելով տնտեսական ակտիվության դանդաղման», – ասել է Ջավադյանը։

Արդյունքում, տնտեսական աճը 2013 թ.–ին, նրա խոսքերով, կազմել է 3,5 տոկոս` նախորդ տարի գրանցված 7,2 տոկոսի դիմաց։ Միաժամանակ 2013 թ.–ին տնտեսական աճին նպաստել է ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, համապատասխանաբար, 5,3 տոկոսի, 8,1 տոկոսի և 4,9 տոկոսի սահմանում գրանցված իրական աճը։ Շինարարության ոլորտում 8,1 տոկոսի անկում է գրանցվել։

ԿԲ նախագահն ավելացրել է նաև, որ 2013 թ.–ի սկզբին գրանցվել է ցածր և կայուն  գնաճային միջավայր և բարձր տնտեսական ակտիվություն, և նման պայմաններում ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Սակայն էներգակիրների սակագների բարձրացումը զգալիորեն փոխել է մակրոտնտեսական միջավայրը, և ԿԲ–ն, գնահատելով այդ շոկի ազդեցությունը գների կայունության վրա, սկզբից բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը հնարավոր երկրորդական ազդեցությունները մեղմելու և սպասումները չեզոքացնելու համար, իսկ հետագայում, երբ գրանցվեց գնաճային միջավայրի մեղմացում և տնտեսական ակտիվության նվազում, նվազեցրեց տոկոսադրույքը։

Այս ամենի կապակցությամբ նա նշել է, որ 2014 թ.–ի առաջիկա հինգ ամսվա ընթացքում ԿԲ–ն արդեն երկու անգամ 0,25 տոկոսով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ փոխել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը մայիսի 13–ին` նվազեցնելով այն 0,25 տոկոսային կետով` դարձնելով 7,25 տոկոս։–0–