Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով բարելի դիմաց 30 դոլարի
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Brent տեսակի նավթը Լոնդոնի ICE բորսայում առուվաճառքի ընթացքում գերազանցել է բարելի դիմաց 30 դոլարի շեմը, հաղորդում է Lenta.ru–ն։
Առևտրի հարթակի տվյալներով` Երևանի ժամանակով ժամը 15։45–ին Brent տեսակի մեկ բարելն արժե 30,22 դոլար։ Նախորդ նստաշրջանի փակման համեմատ` այն թանկացել է գրեթե մեկուկես դոլարով կամ 5 տոկոսով։
Տեխասյան WTI տեսակի նավթի գինը ևս աճում է, այն ավելացել է 88 ցենտով (+3 տոկոս)` հասնելով բարելի դիմաց 31,27 դոլարի։
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նվազել է` հասնելով 78,13 ռուբլու (-1,24 ռուբլի), եվրոյի փոխարժեքը նվազել է` հասնելով 84,87 ռուբլու (այն էժանացել է 1,55 ռուբլով)։
Ավելի վաղ հունվարի 19–ին Միջազգային էներգետիկ գործակալությունը հրապարակել է կանխատեսում, ըստ որի` նավթի պահանջարկը 2016 թ.–ին կավելանա օրական 1,2 մլն բարելով` հասնելով 95,7 մլն բարելի։ ՕՊԵԿ–ը ևս կանխատեսում է պահանջարկի աճ` օրական 10 հազար բարելով` մինչև 94,17 մլն բարել։–0–