Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ցրտահարության հետևանքով գյուղատնտեսական ցանքատարածքներին հասցված վնասի հստակ չափը հայտնի կդառնա առաջիկա օրերին. Գյուղնախարարություն

01.04.2014, 19:55
Ցրտահարության և եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղատնտեսական ցանքատարածքներին հասցված վնասի հստակ չափը հայտնի կլինի առաջիկա օրերին, տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում։
Ցրտահարության հետևանքով գյուղատնտեսական ցանքատարածքներին հասցված վնասի հստակ չափը հայտնի կդառնա առաջիկա օրերին. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ցրտահարության և եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գյուղատնտեսական ցանքատարածքներին հասցված վնասի հստակ չափը հայտնի կլինի առաջիկա օրերին, տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում։

Կիրակի` մարտի 30–ին, գրեթե ողջ հանրապետության տարածքում առատ ձյուն էր տեղում, որն ուղեկցվում էր ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը նվազեց 10–12 աստիճանով։ Երևանում ձնածածկի բարձրությունը կազմում էր մոտ 30–40 սմ։ 

Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունը, Կարապետյանը Արարատի մարզ է այցելել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի հետ միասին։ 

Կարապետյանը նաև նշել է, որ Գյուղնախարարությունը ներկայումս գյուղացիական տնտեսությունների համար ցրտահարության հետևանքները մեղմելու ուղղությամբ է աշխատանքներ իրականացնում:

«Նախարարությունը մասնավորապես աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային կուլտուրաների որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաև գարնանացան գարու և կերային այլ կուլտուրաների սերմեր», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նախարարը կարևորել է ցանքատարածությունների ավելացումը և այլ կուլտուրաների մշակումը։ Նա միաժամանակ տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են բավարարել նաև հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի և դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը։

Կարապետյանը նաև նշել է, որ կառավարությունն ավելի արդյունավետ պայքար է մղելու մարզում առկա «կարտոֆիլի և լոլիկի ցեց» կոչվող վնասատուի դեմ:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի նախնական տվյալներով` Հայաստանում գրանցված ցրտահարության հետևանքով տուժել է ծիրանի բերքի մոտ 80–90 տոկոսը։ Ըստ նրա հաշվարկների` միայն ծիրանենիներին հասցված վնասը կարող է հասնել 25 մլն դոլարի։–0–