Երևանում Մաքսային և լոգիստիկ կենտրոն կբացվի, նախատեսվում է հատկացնել 45 մլն եվրո
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, ինչպես նաև ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի մասնակցությամբ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթին ստորագրել են «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը: Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ունենալ տարածքային և շենքային պայմանների, մաքսային հսկողության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության և ԱՏԳ մասնակիցներին մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերի հասանելիության ու հարմարավետության տեսանկյունից ժամանակակից մաքսային ենթակառուցվածք։
Կենտրոնի ստեղծումը հանդիսանում է ներկայում որդեգրված` ԱՏԳ կենտրոնների ստեղծման ծրագրի բաղկացուցիչ մասը։