Fitch. ՀՀ–ում ճգնաժամի խաղաղ կարգավորումը նվազեցրել է դրա ազդեցությունը տնտեսության վրա
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Սահմանադրական գործընթացների միջոցով Հայաստանում քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորումը և այնպիսի տնտեսական ինստիտուտների անխափան աշխատանքը, ինչպիսինն է Կենտրոնական բանկը, նվազեցրեցին ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա, նշվում է Fitch–ի զեկույցում:
«Նոր կառավարության ունակությունն` արդարացնել փոփոխությունների կողմնակիցների սպասումներն առանց խորհրդարանական մեծամասնության կորոշի, որքան երկար կտևի նրա «մեղրաամիսը», չնայած մենք ակնկալում ենք տնտեսական քաղաքականության հետևողականություն», - նշում են զեկույցի հեղինակները:
Տնտեսական արդյունքներ
Նախկին լրագրող ու ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին խորհրդարանում կայացած կրկնակի քվեարկության ընթացքում ընտրվեց ՀՀ վարչապետ մի քանի շաբաթ տևած բողոքի զանգվածային ակցիաներից հետո, որոնք հանգեցրեցին վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Ցուցարարները բողոքում էին այս տարվա ապրիլին վարչապետի պաշտոնում Սարգսյանի նշանակման դեմ այն բանից հետո, երբ նա 10 տարի զբաղեցրեց նախագահի պաշտոնը։
«Ֆինանսական հատվածում բանկային լիկվիդայնության և ավանդների վրա ապակայունացնող ճնշում չի նկատվել, իսկ միջազգային պահուստները մնում են խելամիտ սահմաններում», – նշում են զեկույցի հեղինակները։
Բարենպաստ արտաքին գործոններն, ինչպիսիք են հումքային ապրանքների գները, արտահանման պահանջարկն ու դրամական միջոցների շարունակական աճը նվազեցնում են կարճաժամկետ ռիսկերը տնտեսության համար։ ՀՆԱ–ի իրական աճը 2017 թ.–ին կազմել է 7,5%, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է միջինը 10,6%–ով։
Նոր կառավարության նոր ծրագիրը
Փաշինյանի կաբինետը, որում, ըստ Fitch–ի, ներառված են փորձառու տեխնոկրատներ, ինչպես նաև մասնավոր հատվածի պրոֆեսիոնալներ, կներկայացնի ծրագիրը մինչև հունիսի երկրորդ շաբաթը։
«Կարծում ենք, որ որոշակի գործոններ մատնանշում են հաջորդականության վրա մակրոտնտեսական և ֆինանսական կայունությունը պահպանելու ձգտման հարցում, ինչպես նաև ֆիսկալ հաշիվների կայունության վրա։ Օրինակ, ՀՀ կենտրոնական բանկն ունի մեծ անկախություն, իսկ ֆինանսների նորանշանակ նախարարը եղել է ֆինանսների փոխնախարարը նախկին իշխանության օրոք, բացի այդ նա տեխնոկրատ է»,– կարծում են զեկույցի հեղինակները։
Բարեփոխումների ոլորտի որոշ նախաձեռնություններ, որոնք ուղղված են աճի հեռանկարներն ավելացնելուն, կարող են համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ, որոնք ուղղված են տնտեսական դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը։
Ներքաղաքական անորոշությունը պահպանվում է
Այդուհանդերձ, Fitch–ի փորձագետները կարծում են, որ ներքաղաքական անորոշությունը որոշ չափով պահպանվում է, քանի որ նոր վարչակազմը բախվում է լուրջ խնդիրների հետ։ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ունի ամենամեծ խմբակցությունն ԱԺ–ում, և պարզ չէ, թե ինչպե՞ս քաղաքական «աութսայդեր» Փաշինյանը կկարողանա ստեղծել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն` համատեղելով տնտեսական հետաքրքրություններ ունեցող խմբերի հետ աշխատելու անհրաժեշտությունը, միաժամանակ պահպանելով ժողովրդի աջակցությունը, ինչպե՞ս կկարողանա պայքարել կոռուպցիայի դեմ և հավատարիմ մնալ սոցիալական արդարությանը։
Իր կառավարության դիրքերն ամրապնդելու համար նոր վարչապետը պատրաստվում է 2018 թ.–ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սակայն այս նախաձեռնությունը պահանջում է խորհրդարանի պատգամավորների 3/5–ի աջակցությունը։ Երկու փորձի արդյունքում կառավարության ծրագրի չհաստատումը ևս կհանգեցնի ընտրությունների։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ պատրաստվում է իրականացնել հետևողական արտաքին քաղաքականություն։ Դա կարող է նշանակել «բազմավեկտոր» մոտեցման շարունակություն, որն ուղղված է արևմտյան գործընկերների և Ռուսաստանի միջև հարաբերությունների հավասարակշռությանը։
Տնտեսական և արտաքին շարունակական քաղաքականությունը ոչ միայն նպաստում է միջազգային լարվածության ռիսկի նվազմանը, այլև թույլ է տալիս տեխնիկական և ֆինանսական աջակցության հույս ունենալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների և գործընկերների կողմից։
«Արտաքին ուժերի մասնակցության բացակայությունը վստահություն առաջացրեց բողոքի ակցիաների նկատմամբ», – նշվում է զեկույցում։
Սակայն զեկույցի հեղինակներն առաջիկայում չեն ակնկալում առաջընթաց ղարաբաղյան հիմնահարցում և նախկինի պես կարծում են, որ պահպանվում է լարվածության աճի ռիսկը։