Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

Ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի հետաձգման նախագիծը կընդունվի արագացված ընթացակարգով

09.04.2025, 12:38
Մայիսի 1-փոխարեն, այս տարի լրացնողները հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը
Ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի հետաձգման նախագիծը կընդունվի արագացված ընթացակարգով

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետի հետաձգման նախագիծը ԱԺ–ում կընդունվի արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով մինչև այս ամսվա վերջ, տեղեկացրեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

«Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն, այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը», – գրել է Թունյանը Facebook–յան իր էջում։ 

Պատգամավորը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։ Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։ 

Հայտարարագրման համակարգի մասին

Քաղաքացիների և բնակիչների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում ներդրվում է 2023 թվականի հունվարի 1-ից երեք տարվա ընթացքում։ Նախագիծը վերջնականապես ընդունվել է խորհրդարանի կողմից 2022 թվականի դեկտեմբերին։ Ինչպես 2022 թվականի նոյեմբերին հայտարարել էր Հայաստանի այն ժամանակվա ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայտարարագիրը պետք է նախապես լրացվի հարկային մարմինների կողմից։

Նախատեսվում էր, որ հայտարարագիրը ավտոմատ կերպով կներառի հարկային մարմիններին հասանելի տվյալներ, որից հետո այն էլեկտրոնային փոստով կուղարկվի քաղաքացուն վերանայման:

Նոր կարգի համաձայն՝ բոլոր չափահաս ռեզիդենտ քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն։

Առաջին փուլում հայտարարագրեր են ներկայացրել համայնքային կամ հասարակական պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձինք.

Երկրորդ փուլում՝ 2024 թվականից, հայտարարագրերը լրացվում էին մասնավոր հատվածի վարձու աշխատողների և քաղիրավական պայմանագրերով եկամուտ ստացած աշխատողների կողմից։

2025 թվականից հայտարարագիր պետք է ներկայացնեն երկրի այն բոլոր ռեզիդենտ քաղաքացիները, ովքեր ընդգրկված չէին նախկին երկու խմբում։

Խուսափելու և ուշացնելու դեպքում նախատեսված են տուգանքներ՝ 50 հազար դրամ ձեռնարկատերերի համար, 5 հազար դրամ՝ մյուս քաղաքացիների համար։