Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ջերմաստիճանի գլոբալ բարձրացումն առավել բացասաբար կազդի Հայաստանի վրա. փորձագետ

08.09.2014, 17:34
Կլիմայի փոփոխությունը, այն է` գլոբալ տաքացումը, Հայաստանի համար հղի է ավելի բացասական հետևանքներով նրա` ֆիզիկա–աշխարհագրական դիրքի պատճառով, կարծում է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը։
Ջերմաստիճանի գլոբալ բարձրացումն առավել բացասաբար կազդի Հայաստանի վրա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կլիմայի փոփոխությունը, այն է` գլոբալ տաքացումը, Հայաստանի համար հղի է ավելի բացասական հետևանքներով նրա` ֆիզիկա–աշխարհագրական դիրքի պատճառով, կարծում է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը։

Հայաստանի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1850 մետր։ Միաժամանակ, Հայաստանում օդի ջերմաստիճանը միջինը 20-25 տոկոսով ավելի է, քան ավելի ցածրադիր երկրներում։

«Երեք աստիճանով համաշխարհային ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի Հայաստանում դրա` չորս աստիճանով բարձրացմանը։ Այդ դեպքում երկրի կիսաանապատային գոտիները կվերածվեն անապատային գոտու։ Այդ սպառնալիքը կարող է տարածվել, այդ թվում, ամենաբարենպաստ գյուղատնտեսական շրջանների` Արարատյան դաշտավայրի և Սյունիքի վրա»,– լրագրողներին ասաց Գաբրիելյանը կլիմայի փոփոխության աշխատանքային համաժողովի ընդմիջման ժամանակ։

Սեպտեմբերի 8-10-ը Երևանում անցկացվում է աշխատաժողով, որը կազմակերպվել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարության և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Աշխատաժողովը նվիրված է Ասիայի, Խաղաղ օվկիանոսյան և Արևելյան Եվրոպայի երկրների երկամյա տարածաշրջանային առաջընթացի վերաբերյալ զեկույցների պատրաստմանը:

Նրա կարծիքով` ջերմաստիճանի հետագա բարձրացումը ոռոգման ջրի պահանջարկի աճի, աղուտների առաջացման վտանգի, տեղումների կրճատման և արտեզյան ջրերի պաշարների կրճատման կհանգեցնի։

«Մենք հույս ունենք, որ երկու տարի հետո Փարիզում Կոնվենցիայի 21–րդ համաժողովում կհաջողվի ընդունել կլիմայի փոփոխության նոր բանաձև, որը կփոխարինի Կիոտոյի բանաձևին։ Նոր բանաձևի համաձայն` բոլոր երկրները պետք է պարտավորվեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները»,– ասաց Գաբրիելյանը։

Ըստ նրա     դա վերաբերում է մոտ 150 երկրների, որոնց թվում է նաև Հայաստանը։ Դա կատարվում է կլիմայական փոփոխություններին դիմակայելու նպատակով։ «Մինչդեռ պատկերը բավականին հոռետեսական է։ Կոնվենցիայի ընդունման ժամանակից արտանետումների կրճատման հարցում զգալի առաջխաղացում չկա»,– նշեց նա։

«Դա շատ կարևոր գործընթաց է։ Երկամյա հաշվետվությունը երկրի վրա մեծ պատասխանատվություն է դնում այն առումով, որ յուրաքանչյուր կոնկրետ երկիր պետք է պատասխանատվություն կրի իր արտանետումների մակարդակի համար»,– հայտնեց ազգային համակարգողը։

Փորձագիտական գնահատականներով` տարեկան կատարվում է մոտ 50 մլրդ տոննա ջերմոցային գազերի արտանետում։ Պաշտոնական տվյալներով` 40 մլրդ տոննա։ Հայաստանի բաժնեմասը բավականին համեստ է` 1990–ականներին այն կազմում էր 25 մլն տոննա, այսօր կազմում է մոտ 7 մլն տոննա։

«Համաշխարհային մակարդակով որոշում է ընդունվել, թե որքանով ընդունելի է ջերմոցային գազերի կուտակումով պայմանավորված ջերմաստիճանի գլոբալ բարձրացումը։ Այդ թիվը կազմում է երկու աստիճան։ Բնությունը կարծես սահմանում է ծայրագույն հնարավոր մեծություն, անհրաժեշտ է, որ բոլոր երկրների ղեկավարներն ու հասարակությունները տարբերակ գտնեն ընդհանուր ջանքերով այդ խնդիրը լուծելու համար»,– ասել է փորձագետը։

Հայաստանը ՄԱԿ–ի` Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան ստորագրել է 1992 թվականին և վավերացրել այն 1993–ին։ -0-